Աուտիզմ և էրգոթերապիա


Աուտիստիկ սպեկտրի խանգարումների վիճակագրությունն անընդհատ ավելանում է: Ամեն տարի հայտնաբերվող դեպքերի թվի աճը ոչ միայն զուտ անհանգստություն է պատճառում, այլև ստիպում մասնագետներին առավել արդյունավետ միջոցներ ու մեթոդներ ներդնել աուտիստիկ սպեկտրի խանգարումներ ունեցող երեխաների կյանքի որակը բարելավելու, հաղորդակցումն ու ինքնասպասարկումը հնարավոր և մատչելի դարձնելու ուղղությամբ: Էրգոթերապիան մեկն է այն մեթոդներից, որը խորհուրդէ տրվում կիրառել աուտիզմ ունեցող երեխայի հետ աշխատանքում: Զրուցում ենք «Լուսէ» մանկական վերականգնողական կենտրոնի էրոթերապիստ Սեդա Միրոյանի հետ:

-Ի՞նչ է էրգոթերապիան:
Սկսենք բառի բացատրությունից, ապա նշեմ, որ հունարեն «ergos» բառը նշանակում է զբաղմունք, աշխատանք։ Հետևաբար էրգոթերապիան հենց աշխատանքային թերապիան է։ Հայաստանում կիրառում են էրգոթերապիա տերմինը, իսկ Եվրոպայում և Միացյալ Նահագներում՝ occupational therapy կամ օկուպացիոն թերապիա։ Էրգոթերապիան բազմամասնագիտական թերապիայի անբաժանելի մասն է,  և ուսումնասիրում է այն միջացառումների համակարգը, որը ենթադրում է ֆիզիկական և մտավոր խնդիրներ ունեցող անձանց կենսական և սոցիալական հարմարվողականության հմտությունների բարելավումը։ Այն նպատակաուղղված է երեխաների ինքնուրույնության, ինքնասպասարկման և անկախ կյանք վարելու հմտությունների զարգացմանը։ Էրգոթերպիան  նպատակ ունի բարելավել երեխայի կատարողականությունը և մասնակցությունը առօրյա գործունեության մեջ՝ նպաստելով զգայական,  խոշոր և մանր շարժողական,  ճանաչողական հմտությունների զարգացմանը։

Կապ ունի՞ երեխայի տարիքը էրգոթերապիայի պարագայում։
Էրգոթերապիայի աշխատանքներում տարիքը կապ չունի։ Պարզապես թերապևտիկ միջամտություն իրականացնելու համար աշխատանքային ոլորտը շատ բազմազան է՝ մանկաբուժության ոլորտ, նյարդաբանության, օրթոպեդիայի, վնասվածքաբանության, ծերաբուժության ։ Եվ իզուր չէ «էրգոթերապիա՝ առանց սահմանների» գաղափարախոսությունը։

Էրգոթերապիստը կարող է աշխատել տարբեր տարիքի և տարբեր խնդիրներով  երեխաների հետ։ Կախված տարիքից և խնդրից միջամտության նպատակները տարբեր են լինում, իսկ աշխատանքի  բնույթը՝ մեկը։ Աշխատանքները ճանաչողական, կառուցողական, զարգացնող, ադապտիվ բնույթ են կրում, որը հնարավորություն է տալիս երեխաներին լինել մաքսիմալ անկախ և ինքնուրույն։
-Ինչպե՞ս է ընտրվում մեթոդը աուտիզմով կամ Դաունի համախտանիշով երեխաների համար, և արդյո՞ք ծնողի հետ այն համաձայնեցվում է։
-Յուրաքանչուր երեխա իր առանձնահատկություններն ունի։ Եվ անկախ նրանից, թե  երեխայի մոտ մանկական ուղեղային կաթված է ախտորոշվել,  Դաունի համախտանիշ, թե աուտիզմ, աշխատանքը  յուրովի մոտեցում է պահանջում։

Մինչև երեխայի հետ թերապիան սկսելը, կատարվում է դիտարկում և գնահատում՝ երեխայի կարողությունների և հմտությունների վերհանում։ Էրգոթերապիայում գնահատման գործիքները և մեթոդները շատ բազմազան են։ Գնահատման գործիքները ընտվում են՝ կախված  նրանից, թե երեխայի ընդհանուր զարգացման որ բնագավառն է անհրաժեշտ զարգացնել, օրինակ՝ շարժողական, զգայական, իմացական, առօրյա ինքնասպասարկման գործունեության ոլորտները։ Միջավայրային գործոնները գնահատելու համար կիրառվում են այլ գործիքներ։

Ծնողի հետ համագործակցության արդյունքում  ընտրվում և քննարկվում են կոնկրետ նպատակները, որոնց շուրջ պետք է տարվեն աշխատանքները։

Իսկ աշխատանքային  մեթոդը ընտրում է թերապիստը։  Աշխատանքային մեթոդները ևս տարբեր են՝ կախված խնդրից, տարիքից և, ինչու ոչ, նաև նպատակից։ Միջամտության ժամանակ կարող են ընտրվել հետևյալ մեթոդները՝ Բոբաթի մեթոդը, Աֆֆոլտեր մեթոդը, զգայական ինտեգրացիոն մեթոդը և այլն։ Աշխատանքային պրոցեսում շատ մեծ դեր ու նշանակություն ունի խաղային թերապիան, որի միջոցով երեխաները ուսումնասիրում են աշխարհը, զարգանում և ձեռք բերում կարևորագույն հմտություններ։

-Էրգոթերապիայի հաճախող երեխաների ծնողների դերը ո՞րն է: Ի՞նչ հանգամանքներ ու հատուկ նրբություններ կան այս հարցում:
— Ծնողի դերը առհասարակ շատ կարևոր է, քանի որ  ծնող-երեխա-մասնագետ եռակողմ օղակի համագործակցության շնորհիվ է, որ աշխատանքը ունենում է իր դրական արդյունքը։

Ծնողի դերը չափազանց կարևոր է նաև  երեխայի խնդիրն ընդունելու հարցում, քանի որ այդ դեպքում ծնողի կողմից սպասումները լինում են էլ ավելի իրատեսական։

Ծնողը պետք է իմանա երեխայի տարիքային զարգացման առանձնահատկությունները, աուտիզմին բնորոշ առանձնահատկությունները՝ խոսքային, վարքային և այլն։ Այս պարագայում ծնողը պետք է լինի շատ հանդուրժող, երբեք չշտապեցնի երեխային գործողության ընթացքում, հասկանա երեխային, և ամենակարևորը՝ ժամանակ տա երեխային   հմտություններն  ու  գիտելիքները ընկալելու և կիրառելու համար։

Շատ դեպքերում ծնողը գերխնամք է տանում երեխայի նկատմամբ՝ շտապելով և վերջինիս փոխարեն կատարելով գործողությունները։ Խրախուսելի է այն, որ ծնողը ներգրավվի երեխային՝ տղա, թե աղջիկ, կենցաղային և ինքնասպասարկման գործընթացների մեջ, որը կբերի երեխայի ինքնուրույնության բարձրացմանը։

 — Կա՞ն դեպքեր, երբ էրգոթերապիան հստակ ցուցում է։
Էրգոթերապիան հստակ ցուցում է բոլոր այն դեպքերում, երբ երեխայի մոտ նկատվում են դժվարություններ առօրյա ինքնասպասարկման, մանր և խոշոր շարժողական հմտություններում, զգայական, ճանաչողական  ոլորտներում  և միջավայրային խոչընդոտ  հանդիսացող իրավիճակներում։  Օրինակ՝ մանկական ուղեղային կաթվածով երեխաների դեպքում միջավայրային գործոնների խոչընդոտ կարող է հանդիսանալ չհարմարեցված անվասայլակը, որը կարող է բերել ֆունկցիոնալության նվազման։ Այստեղ արդեն երեխայի հետ անհատական թերապիաներից զատ էրգոթերապիստի գործունեության բնույթը փոխվում է (հարմարեցնել անվասյլակը, սպասքը․․․, ինչն էլ ավելի կնպաստի երեխայի հմտությունների արագ ձեռքբերմանն ու զարգացմանը)։

-Ո՞ր  պարագայում  է հնարավոր  չհասնել  ոչ  մի  արդյունքի:
Ցանկացած աշխատանքի դեպքում բոլոր երեխաների մոտ՝ լինի դա Մանկական ուղեղային կաթված, Աուտիզմ, թե Դաունի համախտանիշ,  անհնար է , որ  չնկատվի անգամ չնչին արդյունք։ Մեկի մոտ կարող է նկատվել գդալ բռնելու կարողությունը, մյուսի մոտ՝ հագուստը կոճկելու, մեկ այլ երեխայի մոտ  գրելու հմտությունների զարգացումը։ Լավագույն ձեռքբերումը երեխայի կողմից հմտությունների կիրառումն է սոցիումում։

Իսկ այն դեպքերում, երբ չի կարող նկատվել արդյունք, կարող են լինել այնպիսի  նպաստող հանգամանքներ, ինչպիսիք են պրոգրեսիվող հիվանդությունները, որոնք կբերեն որոշակի հմտությունների հետզարգացմանը։