Երեխաները զգում են սերը

«Լուսէ» սոցիալ-վերականգնողական կենտրոնը  «Երևան իմ սեր» հիմնադրամի ծրագրերից մեկն է։ Կենտրոնը ստեղծվել է 2017թ․-ին և նպատակը հաշմանդամություն ունեցող երեխաներին ծառայությունների մատուցումն ու նրանց ընտանիքների կողքին որպես սատարող կառույց լինելն է։ «Լուսէ»  գործունեության առաքելության ու երեխաների հետ տարվող աշխատանքների առանձնահատկությունները ներկայացնում է կենտրոնի տնօրեն Գոհար Գալստյանը:

-Սա ընտանիքահեն և երեխայակենտրոն կառույց է, որտեղ հաշվի են առնվում երեխայի կարիքներն ու ծնողների ակնկալիլքները երեխայի զարգացման հարցում, — նշում է Գոհար Գալստյանը:

-Տիկին Գալստյան, ովքե՞ր են Լուսէ կենտրոնի շահառուները, և  ի՞նչ խնդիր է լուծում Կենտրոնը մեր հասարակությունում:
— Կենտրոն հաճախող մեր բալիկներն ունեն Դաունի, Վիլյամսի, Նունանի համախտանիշներ, մանկական ուղեղային կաթված, աուտիզմ, զարգացման հապաղում և այլն:

Մեր ծառայությունները, սակայն, շատ բալիկների համար ունեն նաև կանխարգելիչ նշանակություն․  հոգեբանական խնդիրներ ունեցող երեխաներ, կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված կամ խոսքի հապաղումով երեխաների համար մասնագիտական փոքրիկ խթանը օգնում է ինքնուրույն հաղթահարել դժվարությունն ու կանխել բարդությունները։

Որպես երեխայի կարիքի գնահատման և անհատական զարգացման գործիք կիրառում ենք Ֆունկցիայի Միջազգային Դասակարգման (ՖՄԴ) մոդելը, որը հնարավորություն է տալիս բազմամասնագիտական թիմին «խոսել» նույն լեզվով, գնահատել երեխայի կարողությունը, գտնել ուժեղ կողմը և` հենվելով այդ ուժեղ կողմի վրա, ուժեղացնել այն ոլորտը, որն առավել շատ ունի դրա կարիքը։

Խորհրդատվության, անմիջական թերապիաների միջոցով հնարավորություն է տալիս երեխային դառնալ ավելի ինքնուրույն և հետագայում ավելի վստահ քայլերով առաջ գնալ։ Յուրաքանչյուր ծնողի նպատակը երեխայի ինքնուրույնությունն է, սակայն հանգամանքները` հատկապես հաշմանդամության պարագայում,  խոչընդոտում է, որպեսզի ծնողը լիարժեք ինքնուրույնություն տա երեխային։


-Որպես հաշմանդամություն ունեցող երեխաների հետ աշխատող մասնագետ, որպես կանոն՝  որո՞նք են այն բացթողումները, որ առավել բարդացնում են հաշմանդամություն  ունեցող երեխաների սոցիալիզացիան ու խնդրի վաղ կորեկցիան:
— Հասարակությունում, որոշ ընտանիքներում ընդունված տարբեր կարծրատիպերն ու վերաբերմունքը ևս կարող են նպաստել, որ բացթողումներ տեղի ունենան․ օրինակ, հաշմանդամությունը խարան է, որ այն պետք է թաքցնել, կամ երեխան խնդիր չունի և հապաղումները գենետիկ բնույթ ունեն, և այլն: Դեպքեր են եղել, երբ մասնագետները 3-4 տարեկանում չխոսող երեխայի խնդիրը վերագրել են որպես ժառանգական ֆակտոր և այս դեպքում երեխաների մոտ խնդիրը խորանում է՝ մինչդեռ կարճատև մասնագիտական միջամտությունը կարող էր շտկել իրավիճակը։


Դա ինֆորմացիայի պակա՞սն է,  թե մենթալիտետի խնդիր: Ըստ Ձեր դիտարկումների մեր հասարակությունը որքանո՞վ է տեղեկացված հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրների և առանձնահատկությունների մասին:
-Մենք տարիներ շարունակ հասարակությունում հաշմանդամություն ունեցող մարդկանց չենք հանդիպել։ Շատերը անմատչելիության կամ այլ պատճառներով դուրս չեն եկել իրենց տներից։ Եվ նույնիսկ 2012թ․-ին Հայաստանում արված հետազոտության արդյունքներն են ցույց տվել, որ այսօր ևս հաշմանդամություն ունեցող երեխաների բավականին շատ մեծ տոկոս չունի ընկերներ, դուրս չի գալիս տնից, չի մասնակցում հասարակական միջոցառումներին։

Երբ ասում ենք հաշմանդամություն,  շատերի  մոտ սայլակի պատկերն է առաջ գալիս, մյուսների մոտ խղճահարություն է առաջանում։ Ամբողջ  աշխարհում ներառականության պրոցեսը բավականին երկար է տևել, մենք ևս համբերատար ու պատրաստակամ պիտի խթանենք գործընթացը:

Ոչ կոմպետենտ մասնագետների ներգրավվածությունը հաշմանդամություն, ինչպես նաև նյարդաբանական խանգարումներ, հիվանդություններ ունեցող երեխաների հետ աշխատանքներում ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ:
— Սխալ խորհրդատվությունը, որը բավականին հաճախ է հանդիպում, կարող է ճակատագրական հետևանքներ ունենալ։ Մեր կենտրոն հաճախող բալիկներն էլ երբևէ ունեցել են այս խնդիրը:

Ոչ կոմպետենտ մասնագետը և սիրողական մոտեցումը կարող են լուրջ վնաս հասցնել, չէ՞ որ  հաշմանդամություն  ունեցող երեխաները հատկապես խոցելի են, իսկ հուզական ոլորտը՝ զգայուն։

Հաշմանդամության ոլորտում, բացի բարձր պրոֆեսիոնալիզմը, շատ կարևորում եմ մասնագետի լավ ու բարի մարդ տեսակը։ Երեխաները շատ լավ են զգում, թե ով է բարի, ով է իրենց սիրում և դա հանարավոր չէ կեղծել։