Ճանաչիր և հոգ տար. աուտիզմ

Ովքե՞ր են նրանք

Արտաքինից, շատ հաճախ, որևէ նկատելի բնորոշիչ չունեցող երեխաներ, ովքեր փոքր-ինչ այլ կերպ են զգում, ընկալում, գնահատում ու վարվում: Նրանք հատուկ են վերաբերում մարդկանց ու աշխարհին, և միանգամայն տարբեր մոտեցում են ակնկալում:

Կար ժամանակ, երբ այս երեխաներին վերագրվում էին գերբնական կարողություններ, մատնանշվում իմացականի ու գիտակցականի անբնական մակարդակները, բացառիկ տաղանդը:

Հատկանշական է, որ այն չի ախտորոշվում ներարգանդային կյանքում: Հղիության ընթացքում կինը չի ունենում հատուկ ախտանիշեր, երեխան կարող է ծնվել ֆիզիկապես լիարժեք առողջ:

Աուտիստիկ սպեկտրի խանգարումների պարագայում խիստ տարբեր են դրսևորումները, մասնագետների պնդմամբ՝ դժվար է գտնել միևնույն համախտանիշերի համալիրով երկրորդ երեխային:

Աուտիզմն անդրադառնում է  խոսքի վրա՝ նրանք չեն խոսում, կամ խոսում են այն դեպքում, երբ ուզում են: Նրանք ունեն լսողություն, սակայն կարող են չլսել իրենց ուղղված բազում կոչերը, ասվածը, հորդորը: Նրանք կարող են նայել ու չտեսնել իրականությունը: Տարածության ու ժամանակի սեփական միավորները խիստ բնութագրական են: Նրանք երբեմն չունեն վախի զգացողություն, իսկ երբեմն էլ՝ վախի սեփական օբյեկտներն ու երևույթներն են ուրվագծում: Նրանք ուրույն սիրո զգացողություն ունեն, հեռվից ճանաչում-զգում են բարի ու դրական մարդկանց, և բոլորովին մի՛ զարմացեք, եթե ինչ-որ փոքրիկ փողոցի ամբոխից կընտրի ու կողջագուրվի հենց Ձեզ հետ: Միևնույն ժամանակ խիստ դոզավորում են սերը՝ չեն սիրում իրենց նկատմամբ հիպերուշադրություն: Իսկ գրկել ու համբուրել փոքրիկին կարող եք միայն ‹‹հատուկ թույլտվությամբ››: Կարելի է անվերջ բնութագրել յուրաքանչյուր երեխայի առանձնահատկությունը՝ նշելով բազում օրինակներ:

Աուտիզմը գիտության տեսանկյունից

Autismus տերմինն առաջին անգամ օգտագործել է շվեյցարացի հոգեբույժ Էյնհեյն Բլեյրը՝ նկարագրելով շիզոֆրենիայի դրսևորումներից մեկը, որն արտահայտվում է իրնքնահավանության ու եսակենտրոնության դրսևորմամբ: Գիտնականի նկարագրությունները հիմք հանդիսացան, որպեսզի 1938 թվականին Վիենայի համալսարանի գիտնական Հանս Ասպերգերը լիարժեք նկարագրի ներկայիս աուտիստիկ սպեկտրի խանգարումները: Մինչև մեր օրերը հասնելը այս ախտորոշումը եվրոպացի տարբեր գիտնականների կողմից բացահայտումների բազմաթիվ փուլեր է անցել: Եթե 20-րդ դարասկզբին այն որպես մանկական շիզոֆրենիայի տարատեսակ էր ախտորոշվում, ապա 21-րդ դարասկիզբը նոր մոտեցում ու վերաբերմունք է բերում երևույթին:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով ամբողջ աշխարհում 160 երեխայից մեկը աուտիստիկ սպեկտրի խանգարում ունի: Մասնագետների պնդմամբ, այս թիվը նկատելիորեն մեծ կարող է լինել, եթե բոլոր երկրներում նույն ճշգրտությամբ անցկացվեն անհրաժեշտ հետազոտությունները:

Աուտիզմի դրսևորումները կյանքի առաջին 5 տարում անպայման արտահայտվում են: Այլ հարց է, որ կարող են ախտորոշվել ավելի մեծ տարիքում: Էպիլեպսիան, ագրեսիան, տագնապայնությունը, հիպերակտիվ վարքը, ուշադրության բացակայությունը կարող են աուտիստիկ սպեկտրի խանգարումների ուղեկիցը լինել: Հատկանշական է, որ ինտելեկտուալ կարողությունները խիստ անհատական են: Դրանք կարող են տատանվել զրոյական ընկալունակությունից մինչև գիտակցության բարձրագույն մակարդակ:

Ընդհանուր առմամբ, վերջին տարիներին աուտիզմի վիճակագրության հսկայածավալ աճ է արձանագրվում, ինչը պայմանավորված է մարդկանց, նաև մասնագետների բարձր տեղեկացվածությամբ, թեմայի վերաբերյալ հանրամատչելի ինֆորմացիայի հասանելիությամբ, գիտության զարգացմամբ, որը դիագնոստիկ նոր հնարավորություններ է բերում:

 

Երբ կան աուտիզմի վերաբերյալ կասկածներ, մասնագետները հաճախ են ուղղորդում գործիքային հետազոտությունների՝ մասնավորապես բացառելու այլ համակարգային և ուռուցքաբանական հիվանդությունների առկայությունը՝ ‹‹Աուտիզմի առաջացումը մենք կապում ենք գանգուղեղային տրավմաների և ինֆեկցիաների հետ,-նշում է ճառագայթաբան Մարինա Ալոյանը,- Մենք աուտիզմով հիվանդի մոտ էլ կարող ենք տեսնել ախտահարումը, սպիտակ նյութի ասֆիկսիա, այսինքն չկա թթվածին, չկա սպիտակ նյութ: Եթե երեխան չի խոսում, դա դեռ չի նշանակում, թե նրա մոտ անպայման աուտիզմ կա: Երբ հետազոտությունը ցույց է տալիս, որ գլխուղեղում գոյացություններ չկան, արդեն իսկ դրվումէ  ախտորոշումը՝ և՛ կատվածի, և՛ աուտիզմի կասկածով: Մենք ՄՌՏ-ով փորձում ենք հնարավորինս զուգորդող, առաջացնող պատճառները բացառել››:

Եվ այնուամենայնիվ, աուտիզմի ախտորոշումը սահմանվում է հոգեբույժի կողմից: Ախտորոշման փուլը ներառում է վարքագծի կանոնների, մի շարք հոգեբանական թեստերի ու գործիքային հետազոտությունների համադրություն:

Ընդունել իրականությունը

Մասնագետների պնդմամբ, չափազանց ուշադիր լինելու դեպքում աուտիստիկ սպեկտրի խանգարումները կարելի է բացահայտել անգամ 12 ամսականում: Իսկ 14-18 ամսականն այն տարիքն է, երբ հստակ կարելի է տարբերակել աուտիստիկ սպեկտրի խանգարման որևէ դրսևորում: Դա արտահայտվում է երեխաների ուշադրության, շարժումների համակարգվածության, հայացքի, տեսողական ու լսողական ֆունկցիաների՝ հասակակիցների համար սահմանված նորմերին համապատասխանության բացակայությամբ:

Ցանկացած, անգամ ամենաառաջադեմ ու չափազանց սթափ մտածող մարդու համար անհնարինության աստիճանի դժվար է ընդունել, որ երեխան կարող է հաշմանդամություն, որևէ տարբերություն ունենալ: Ու սա այնքան բնական է: Եվ շատ ծնողներ իրենց երեխայի չխոսելու, ուշադիր չլինելու, որոշակի իրերի չդիպչելու, նայել-չտեսնելու, լսել-չընկալելու, ագրեսիվ լինելու փաստը պատահականություն ու կամակորություն են դիտարկում: Մինչդեռ, անցնում է ժամանակ, խորանում են բոլոր դրսևորումները և ընտանիքը կանգնում է փաստի առաջ: Մեծանում է փոքրիկ, որը չի լինելու շարքային, չի ենթարկվելու զարգացման, դաստիարակության, հասարակության մեջ կենսագործունեության միևնույն սկզբունքներին, թելադրելու է ապրելակերպի ու իր նկատմամբ վերաբերմունքի նոր չափանիշներ:

Աուտիզմով երեխա ունենալու դեպքում առաջին, կարևորագույն քայլը իրականությունն ընդունելն է: Այս հարցում մեծ է հոգեբանական ծառայությունների, հատուկ մասնագետի, հոգևորականի աջակցության գործոնը: Շատերը այս իրողությունը կարմա են դիտարկում, միգուցե պատիժ… իսկ գիտությունը իր բացատրությունն ունի՝ շրջակա միջավայրի, քաղաքակրթության, վարակիչ հիվանդությունների, ժառանգականության մի ամբողջական համալիր, որոնք կարող են ներազդել մարդու նյարդային համակարգի վրա: Ժամանակին կար տեսակետ աուտիզմի ու որոշ պատվաստանյութերի կապի վերաբերյալ, ինչն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հերքեց ապացույցներով:

 

Ճանաչելով ու բացահայտելով աուտիզմի հիմնախնդիրներ՝ զարգացած երկրներն ունեն հստակ ալգորիթմներ՝ աուտիզմով երեխան ունեցող ընտանիքներին սոցիալական ու հոգեբանական աջակցություն ցուցաբերելու հարցում: Դա է պատճառը, որ ի տարբերություն չզարգացած ու զարգացող երկրների հասարակությունների, այնտեղ աուտիզմով երեխան ու ընտանիքը դուրս չեն մնում մասնագիտական տեսադաշտից: Իսկ հայաստանյան իրականույթունում, մանավանդ, երբ իրավիճակը հանդիպում է իմացության տեսանկյունից պահպանողական ընտանիքներում, երբեմն ծանր հետևանքներ են գրանցվում: Գաղտնիք չէ, որ հասարակությունը ավանդաբար անհանդուրժող է հաշմանդամություն, մտավոր խնդիրներ ունեցողների նկատմամբ: Ընդունված է խարանել ու արատավորել նման ընտանիքը՝ խզելով անգամ կապերը: Աուտիստիկ սպեկտրի խանգարումներ ունեցող երեխայի նկատմամբ հատուկ հոգատարություն է պետք սահմանել, ու դա պետք է սկսել ախտորոշման օրն իսկ:

Շատ ծնողներ, չիմանալով ինչպես վարվել աուտիզմ ունեցող երեխայի հետ, նրան զբաղեցնում է գաջեթների օգնությամբ՝ մուլտեր, խաղեր, գույնզգույն անիմացիաներ: Ուսումնասիրությունների համաձայն, սրանք երեխայի նյարդային համակարգի թշնամին են: Այն դեպքում, երբ աուտիզմը թույլ արտահայտված սիմպտոմներ ունի, գաջեթների կիրառությունը նպաստումէ  դրանց խորացմանը:

Երեխայի սոցիալական խանգարումները նկատելի են արդեն վաղ մանկական տարիքում: Աուտիզմով նորածինները որպես կանոն չեն արձագանքում իրենց ուղղված ձայնային ազդակներին, չեն ժպտում, չեն արձագանքում իրենց անվանը: Մեկ տարեկանից սկսած, երբ երեխաներից շատերը հայացքով են ինչ-որ բան հասկացնում, իրենք, հակառակը՝ չեն նայում անգամ ծնողների աչքերի մեջ, բացակայում է տեսողական կոնտակտը: Ավելի ուշ հասակում բացակայում է նաև մարդկանց ճանաչելու գործառույթը: Նրանք չեն սիրում մարդաշատ վայրերում լինել, միևնույն ժամանակ՝ սրտնեղում են մենակությունից:

Աուտիստիկ սպեկտրի երեխաներին բնորոշելիս հաճախ են նշում ագրեսիվությունը: 2007 թվականին արված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 3-5 տարեկանում հենց ագրեսիան է եղել պատճառը, որպեսզի ծնողներն իրենց փոքրիկին խորքային հետազոտության տանեն:

Առանց ուշադրության

Խորացող ագրեսիա, մեկուսացում, անվերջ նյարդային վիճակ, անհանգստություն… ծանո՞թ պատկեր է: Բարդույթավորված ընտանիք՝ բոլոր անդամներով, ներընտանեկան խժդություններ ու անհանդուրժողականություն, ամուսնալուծություններ, ոչ հազվադեպ՝ մանկատանը կամ հատուկ խնամքի կենտրոնում հանգրվանած փոքրիկ…

Ուշադրության և հոգատարության նշաձող

Այս ցուցանիշը աուտիստիկ սպեկտրի խանգարումներ ունեցող երեխայի հետ նոր իրականությունում ապրելու հմտությունն է: Սա ամենօրյա աշխատանք է, որում պետք է ներգրավված լինեն ընտանիքի անդամները՝ ծնողները, քույր-եղբայրը, տատիկ-պապիկը, հարազատներն ու ընկերները: Հակառակ պարագան պարզապես անհնար է, քանի որ աուտիզմ ունեցող երեխայի ներկայությունը Ձեզ պարզապես կստիպի հեռանալ այդ ընտանիքից, կամ խաղալ նոր կանոններով:

Կարևորագույն սկզբունքը երեխայի նկատմամբ սերն ու համերությունն է: Չէ՞ որ նա միանգամից չի արձագանքում այն ամենին, ինչը կատարվում է շուրջը, հանձնարարություններն ու հորդորներն էլ մեծամասամբ կամակորության շղարշով են պատված:

Կարևոր է հիշել, որ աուտիզմի ախտանշան հանդիսացող բազմաթիվ դրսևորումներ հնարավոր է և պետք է շտկել: Երևանի թիվ 9 մանկական պոլիկլինիկայի վերականգնողական կենտրոնի էրգոթերապիստ Թամարա Այվազյանը նշում է, որ աուտիզմ, աուտիստիկ սպեկտր ունեցող երեխաների հետ աշխատելիս չափազանց կարևոր է ընտանիքի վերաբերմունքը:

-Լինում են դեպքեր, երբ իրենց մոտ այցելում են երեխաներ ավելի մեծ տարիքում՝ առանց որևէ հետևողականության: Ծնողները որևէ կերպ զբաղեցրել են այս երեխաներին՝ միայն թե չաղմկեն: Արդյունքում երեխան մեծացել է՝ խորացնելով խնդիրները: Երեխաներն, օրինակ, կարող են ունենալ գիտակցության, ընկալման խանգարումներ, և հետևաբար նրանք չեն կարողանում պարզունակ թվացող գործողությունների իրականացնել, ասենք՝ հագնել շորերը, կոճկել շապիկները: Մինչ ծնողները կարծում են, թե երեխայի հագուստ կրելուց հրաժարվելը կամակորություն է, իրականում այս փոքրիկները պարզապես չեն կարողանում դիպչել ինչ-որ նյութերի կամ գործվածքի: Աստիճանաբար մենք իրենց հետ վարժություններ ենք անում, աշխատում կավի, փրփրաջրի, ջրաներկի հետ, ձեռքերն ընկղմում փրփուրի, ընդեղենի տարաների մեջ: Արդյունքում, նրանք ժամանակի ընթաքում  սկսում են չվախենալ երբեմնի տհաճ, բայց առօրյայում շատ գործածական նյութերից: Հագուստը հագնել-հանել, կոճկել, դասավորել…. սովորում ենք աստիճանաբար: Եվ շատ կարևոր է, որ նույն գործողությունները հետևողականորեն իրականացվեն նաև տանը:

Աուտիզմի առկայության պարագայում չափազանց հետաքրքիր շտկող ուղղություն է արտ թերապիան: Արտթերապիան բուժումն է ստեղծագործական պրոցեսի օգնությամբ,- նշում է արտթերապևտ, հոգեբան Արմենուհի Ավետյանը, — Այն հոգեթերապիայի ճյուղերից մեկն է՝ հիմնված ստեղծագործական ինքնաարտահայտման սկզբունքի վրա։ Այն մի կողմից հոգեբանության, իսկ մյուս կողմից արվեստի հիմքի վրա ձևավորված զարգացող ուղղություն է, որն իր լայն կիրառությունն է գտել ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների հետ հոգեթերապևտիկ, հոգեշտկող և ինքնաճանաչմանն ուղղված աշխատանքներում։

-Արտթերապիայի հնարավորությունները շատ են: Այն ունի մոտորիկայի զարգացման հնարավորություն: Այսպիսով մենք կարող ենք նպաստել ընդհանուր զարգացմանը՝ պատկերացում, ուշադրություն, շոշափելիքը: Աշխատում ենք կավով, թաց և չոր ավազով: Սրանք տարբեր արդյունքներ ունեն և ուղեղի համար ուժեղ գրգռիչ-խթանիչներ են:

Մեր վերջույթներում  նյարդային վերջավորություններն են: Մենք աշխատում ենք օրինակ թաց, լպրծուն կավի հետ, որը հատկապես խնդիր ունեցող երեխային այնքան էլ հաճելի չէ: Բայց ամբողջ ընթացքում մենք անընդհատ իմպուլս ու էներգիա ենք ուղարկում, ինչպես մկաններն ենք մարզում, այնպես էլ նյարդերը: Ստեղծում ենք նեյրոնների միջև կապերը, ճանապարհները թե՛ բարելավում ենք, թե՛ նորերն ենք  ստեղծում: Ուղեղն այդ ամբողջ ընթացքում անընդհատ մարզման մեջ է: Ստեղծվում են «կամուրջներ», որոնք էլեկտրոնային ազդակներ են ուղարկում ուղեղին, նոր օջախներ են ստեղծվում: Սրանք նեյրոնների մակարդակում իրականացվող մարզանքներ են, որոնք որոշ ժամանակ անց տալիս են արդյունքներ: Արդյունքում երեխան ավելի լավ է սկսում ընկալել:

Չափազանց ընդունելի են նաև արտթերապիայի այլ դրսևորումները՝ պարային թերապիան, թատրոնային թերապիան: Կարևոր է, որ այս ամբողջ գործընթացի մասնակցի ամբողջ մարմինը՝ ոտքեր, ձեռքեր, շարժումներ: Քանի որ խոսքը նաև շարժումներով է պայմանավորված: Խոսքն ու շարժումները փոխկապակցված են: Այն երեխան, որը խոսք չունի, չի կարողանում երկու ոտքի վրա թռչկոտել… Հետևաբար էլ՝ աշխատանքն է համալիր:

Լուսէ վերականգնողական կենտրոնի պարային թերապիստ Աքսանա Ներսեսյանի խոսքով՝ պարային թերապիան օգտագործվում է բուժման, շտկման և զարգացման նպատակներով: Այն հոգեթերապիայի միջոց է, որտեղ մարմինը գործիք է, իսկ շարժումները օգնում են վերապրել, գիտակցել և արտահայտել զգացմունքներն ու կոնֆլիկտները:

Թերապիան նպաստում է կոգնիտիվ, էմոցիոնալ հոգեկան ոլորտների զարգացմանը, ինչպես նաեւ սոցիալական, ֆիզիկական գործունեության զարգացմանը, օգնում է վերապրելու, գիտակցելու  և  արտահայտելու հույզերն ու զգացմունքները, նպաստում է ճնշված հույզերի դուրս բերմանը, շարժումների և  հույզերի միջև կապի հաստատմանը, սեփական մարմնի գիտակցմանը, աուտենտիկ շարժումների և կուտակված էներգիայի դուրս բերմանը, զարգացնում է մարմնի սահմանների ու հնարավորությունների ճանաչողությունը: Աուտենտիկ սպեկտրի խանգարում ունեցող շատ երեխաների նյարդային համակարգը ընկալում է սպառնալիք կամ վտանգ, և սիմպաթիկ նյարդային համակարգը մարմնին հաղորդում է պայքարել վտանգի դեմ՝ ելնելով գոյատևելու շահերից: Պարային թերապիստը  պետք է երեխայի համար ստեղծի ապահով տարածք՝ ուշադրություն դարձնելով լույսին, ձայնին  և այլն:  Բանավոր և ոչ-բանավոր մակարդակի վրա հասկանալու և շփվելու ունակությունը դառնում է շատ կարևոր հմտություն, որը թույլ է տալիս երեխային ապահով զգալ, տեսնել և հասկանալ:

Նշանակալի է նաև երաժշտության ազդեցությունը աուտսիտիկ սպեկտրի խանգարումներով երեխաների հետ աշխատելիս: Այսպիսով նրանք հանգստանում են, ազատվում լարվածությունից ու մի կողմ թողնում ագրեսիան, ավելի ընկալունակ են դառնում ասվածի ու հանձարարությունների նկատմամբ:

Վերջին շրջանում բավական շատ են զարգացման կենտրոնները, որոնք խոստանում են աուտիստիկ ու զարգացման հապաղումներ, հաշմանդամություն ունեցող երեխաների հետ շտկողական բարձրորակ ծառայություններ: Սակայն, ինչպես նշում են մի շարք էքսպերտ-հոգեբաններ, սա իր մեջ ռիսկեր է պարունակում: Երբեմն ոչ կոմպետենտ մասնագետի աշխատանքը հաշմանդամություն ու հատուկ կարիքներ ունեցող երեխային ավելի շատ վնասներ կարող է տալ, քան ենթադրվում է: Հետևաբար, եթե կարճ ժամանակում չի նկատվում զարգացման պրոգրես, անհրաժեշտ է դիմել պրոֆեսիոնալ մասնագետի:

Այն դեպքում, երբ աուտիստիկ սպեկտրի խանգարում ունեցող երեխաները մասնագետի ուղեկցությամբ կարողանում են հաղթահարել լարվածության ու նյարդայնության առաջին փուլը, սկիզբ է դրվում կրթադաստիարակչական հիմնական աշխատանքը: Մեկ օրում, բնականաբար հնարավոր չէ աուտիզմ ունեցող փոքրիկին սովորեցնել հասարակության անդամը լինել, սակայն հետևողական աշխատանքն ու անընդմեջ կրթական, զարգացման դաստիարակության աշխատանքները կարող են նպաստել այս հարցում: Սա անընդմեջ աշխատանք է, որում հիմնասյունային դեր ունի ընտանիքը, հարազատները, հատուկ մասնագետների թիմային աշխատանքը:

Կարևորենք հանգամանքը՝ շատ դեպքերում, երբ ժամանակին է ախտորոշված վիճակը, և անմիջապես են իրականացվել շտկողական աշխատանքները, աուտիզմի ախտանշանները այն աստիճանի են անտեսանելի, որ նույնիսկ կարելի է դրանք չիմանալ, չտարբերել ու չնկատել: