Հավատքի շեմին

Մարդու արժեհամակարգը գենետիկ պաշարների, վաղ ու ճիշտ դաստիարակության, հոգևոր ու նյութական արժեքների հավասարակշռության, առաջնահերթությունների սահմանման համամասնությունն է: Այս գործընթացում նշանակալի հիմնասյունէ դոգևոր դաստիարակությունը: Երեխան, որը հոգևոր սերմեր է կրում, իչ հնարավորություն ունի սկզբունքային սխալների… Երեխայի մուտքը եկեղեցի և հոգևորի մուտքը երեխայի մտածելակերպ… մեկնաբանում է Տեր Եսայի քահանա  Արթենյանը:

Տեր Հայր, ինչպե՞ս և ե՞րբ է ճիշտ երեխաներին եկեղեցի տանել:

-Սովորաբար ծնողները մոտեցում ունեն կամ արդարացում, երեխաները եկեղեցում չեն դիմանում, դժվար է, բայց եկեղեցում երեխաները շատ ավելի հեշտ են իրենց գտնում և ավելի հաճույքով և սիրով են եկեղեցում մնում: Վստահաբար իրենց անմեղությունն ու մաքրությունն է, որ թույլ է տալիս հարմարավետ զգալ:

Երբ երեխաներին մեկնաբանում ենք հոգևոր իրողությունները, երեխաները ընկալում են դա այնպես, ինչպես ասվում է, մենք՝ մեծահասակներս ենք, որ այլ իմաստ ենք փնտրում:

Յուրաքանչյուր ծնող, ով ունի  հավատ, հասկանում է, թե որքան կարևոր է երեխային եկեղեցի տանելը, կապը ստեղծելն ու ամրապնդելը: Երեխան եկեղեցում կարո՛ղ է գտնել այն, ինչը մենք չենք էլ կարող ենթադրել: Կարիք էլ չկա, որ ինքը կարողանա բացատրել իր զգացողությունները… կարևորը դրանք ունենալն է:

Մկրտությունը կարո՞ղ է լինել դեպի եկեղեցի գնալու առաջին քայլը:

-Մկրտությունը հոգևոր իմաստով հենց այդ մուտքն է, որի հիմքի վրա երեխան կարողանում է  հոգևոր այդ շնորհների վրա բացահայտումներ անել: Այնուամենայնիվ, երեխային պե՛տք է, և կարելի է եկեղեցի տանել՝ անկախ մկրտության հանգամանքից:

Կա՞ նախապատվություն՝ երբ մկրտել:

— Եկեղեցու կանոնների համաձայն, երեխային պետք է մկրտել ծննդյան 8-րդ օրը: Սա հին Կտակարանի կանոնի համաձայն է, որովհետև հրեաները 8-րդ օրը թլփատում էին իրենց երեխաներին: Մենք նրան տալիս ենք անուն, ծննդյան վկայական, ազգանուն…սա էլ հոգևոր պատկանելության  կնիքն է: Քրիստոս վերացրեց թլփատությունը՝ ասելով, որ կարևորը հոգևորն է, ոչ ֆիզիկականը: Իսկ հոգևոր թլփատությունը  մկրտությունն է, որով անջատում է  մեղքից և կանգնեցնում լույսի ճանապարհին: Բնականաբար, այս պարագայում կարևոր է 8-րդ օրը մկրտել՝ ընդգծելով հոգևոր պատկանելիությունը:

Երբեմն ծնողներն ասում են, ինչպես կլինի, եթե մայը ներկա չգտնվի մկրտության արարողությանը: Մայրիկը ևս կարող է գալ եկեղեցի, սակայն՝ ներս չմտնել: Արարողությունից հետո ամբողջ թափորը՝ քահանան՝ նոր մկրտված երեխան ձեռքին տանումճհանձնում ենք մայրիկին: Սա չափազանց խորհրդանշական է:

Տեր Հա՛յր, մկրտված երեխաներն ավելի՞ պաշտպանված են:

-Դա մի տեսակ արհեստական բաժանում է: Միևնույն ժամանակ՝ իհա՛րկե, մկրտվածը պաշտպանված է Աստծով: Նաև՝ չի նշանակում, թե չմկրտված երեխան անընդհատ պետք է փորձանքների ենթարկվի: Լինում են դեպքեր, երբ մարդիկ հիվանդության դեպքում երեխային մկրտում են, և երեխան հեշտությամբ է հաղթահարում հիվանդությունը:

Մենք չենք մկրտում երեխաներին, որ իրենք չհիվանդանան, փորձանքների չգան, նպատակն ավելին է՝  Աստծո պատկանելություն, հոգևոր մաքրություն:

Դարեր շարունակ, մենք ապավինում ենք աղոթքի զորությանը՝ բոլոր հիվանդությունների ժամանակ:

-Մենք,  երբ հիվանդանում ենք,  ընկնում ենք դժվարությունների մեջ, մտածում ենք որ աղոթքը տվյալ իրավիճակից դուրս գալու միջոց է: Աղոթը ցանկացած նման իրավիճակից դուրս գալու ամենադժվար ճանապարհն է: Հաճախ, հիվանդ մարդը մտածում է՝ չգնամ բժշկի, գնամ աղոթք անեմ, կբուժվեմ: Աղոթքը քո պրոբլեմները քո փոխարեն չի լուծում: Այն խնդիրներ է  դնում քո առաջ, որն ինքդ պիտի հաղթահարես:

Աղոթքը փառաբանություն է, գոհունակություն: Մենք պիտի գոհունակությամբ ու աղոթքով  ընդունենք ու փառաբանենք, միայն այդ դեպքում կբազմապատկվի ամենը՝ ունեցածք, կամք, հաջողություն…

Հրապարակումը՝ Առողջություն ամսագիր