Երբ ծնողներն ամուսնալուծվում են…

Ընտանիքները ստեղծվում են երկնքում, իսկ քանդվում երկրային պարզունակ երևույթներից:

Սոցիոլոգ-հոգեբանների ուսումնասիրությունների համաձայն՝ որոշակի օրինաչափություններ կան, որ ընդհանուր են բոլոր ամուսնալուծությունների համար: Սովորաբար ամուսնալուծությունների պարագայում մասնագետները մի քանի հիմնական փաստ են նախանշում՝ չմոռանալով հանգամանքը, որ յուրաքանչյուր ընտանիք առանձնահատուկ է ու հիմնված երկու մարդկանց արժեհամակարգի, անհատականությունների, գենետիկ պաշարների ու առաջնահերթությունների վրա: Ու երկու մարդիկ պարզապես դադարեցնում են իրենց ամուսնական դաշինքը այն պահից, երբ նրանցից մեկնումեկը հասունանում, մտածելակերպով, գաղափարախոսությամբ, աշխարհընկալմամբ թեկուզ մեկ քայլ առաջ է անցնում մյուսից: Քիչ դեպքերում է, երբ ամուսնալուծության որոշումը միանգամից ու հեշտ է կայացվում՝ առանց փոխադարձ վիրավորանքների, միմյանց արժանապատվությունը վիրավորող հայտարարությունների ու հարազատների միջամտության:

Երբ ամուսինները, անկախ հանգամանքից, թե քանի տարի էին միասին, բաժանվում են, նոր կյանք սկսելու, իրենց կարծիքով երբեմնի սխալները չկրկնելու տրամադրվածությունն են ունենում: Այլ հարց է՝ հաջողվում է իրականացնել, թե ոչ:  Չափազանց կարևոր է ամուսնալուծությունից առաջ և հետո երեխաների հոգեվիճակն ու կենսակերպը:

Երբեմն ընտանիքների քայքայման պատճառները հայտնի են լինում միայն ամուսիններին: Թվում է, ոչինչ էլ չի եղել, ու նրանք հենց այդպես՝ վերցրել ու բաժանվել են: Ու այս դեպքում է, որ ամուսինների՝ հանկարծ դադարող հարաբերությունները իրական շոկ են դառնում երեխաների համար: Նրանք այդպես էլ չեն հասկանում, թե ինչպես ստացվեց, որ երբեմնի ուրախ ու երջանիկ ընտանիքը հանկարծ դադարեց գոյություն ունենալ: Մի կողմից՝ նախկին ամուսինների գիտակցական մակարդակը թույլ է տալիս պարզապես նոր ռաունդ մտցնել հարաբերությունները՝ առանց հիստերիայի դադարեցնելով դրանք: Եվ այս պարագայում է, որ նոր կյանքի սկիզբն այնքան իրատեսական է ու առանց ենթագիտակցական վնասվածքների: Մյուս կողմից, շատ երեխաների թվում է, թե հենց իրենք էին ծնողների միմյանիցի հեռանալու պատճառը: Նրանք սկսում են երևակայական պատմություններ հորինել իրենց մասնակցությամբ, որևէ շարժառիթ են որոնում-գտնում, որտեղ իրենց մեղքը կզգացվեր…

Ամուսնալուծությունների պատճառ են հանդիսանում ամուսինների վտանգավոր ու ոչ ադեկվատ սովորությունները: Հարբեցող, խաղամոլ, թմրամոլ, ոչ օրինական վարք դրսևորող… երբ հայտնաբերվում է այն, ինչը կասկածելի էր, երբ համատեղ կյանքը ոչ նորմալ կենսակերպի պատճառով դառնում է դժոխային, մնում է միայն դադարեցնել համատեղ կյանքը: Որպես կանոն, հենց այս ընտանիքներում է, որ երեխաները օր առաջ երազում են ծնողների բաժանության մասին, միայն թե՝ հանգստություն գտնեն, ապրեն առանց տեսարանների, ծեծուջարդի, այլ ապահով ու անվախ կյանքով: Այս ընտանիքների երեխաների համար իրական փրկություն է ծնողների ամուսնալուծությունը: Նման իրավիճակներում գտնվող երեխաները բարդույթավորված են, վախեցած, անհանգիստ: Հատկանշական է, որ ունենում են տրամադրության դեպրեսիվ անկումներ, սոմատիկ բազում ու միմյանց հաջորդող հիվանդություններ:

Ուսումնասիրությունները պարզել են, որ ամուսնալուծություններ գրանցած ընտանիքներում երեխաների 82 տոկոսն իրենց լքված է զգում: Լքվածության զգացողությանն ի պատասխան առաջանում է վիրավորանքն ու անհանդուրժողականությունը: Երբեմնի հերթոս հայրը կամ մայրը պարզապես չեն սիրում իրեն… Ու դա դառնում է բարդույթ, երբեմն՝ ֆոբիայով դրսևորվում: Իրավիճակը չի փրկում անգամ ծնողների վերամիավորումը: Սա տրավմա է, որն անվերականգնելի է:

Սեփական ընտանիքում ֆիզիկապես ապրելով, իսկ հոգեպես այլ հարթությունում գտնվելով՝ ամուսինները ոչ միայն անբարենպաստ աուրա են ստեղծում իրենց շուրջը, այլև գոյատևում բացասական լիցքերի շրջապտույտում: Սա անընդունելի իրավիճակ է, որն իր հետ անհաջողություններ, խորը վիրավորանքներ ու բարդույթներ է բերում:

Մեծագույն շնորհ է ժամանակի ընթացքում մարող սերը փոխակերպելն ու ընտանիքի արժեքին համապատասխանեցնելը: Բնական է, որ այս ընթացքում պետք է տուժի սեփական էգոն, հավակնությունները, երջանիկ լինելու իրավունքը: Այն ընտանիքները, որտեղ գոնե մեկ անգամ եղել է ամուսնալուծության հարցը, այլևս երբեք չեն կարողանում հաղթահարել կորստի զգացողությունը, նորոգել ու առողջացնել հարաբերությունները: Հետևաբար, խնդրին պետք է փորձել գիտակցաբար մոտենալ՝ չտառապել հանուն ‹‹ամուսնալուծված›› պիտակը չունենալու: Անհրաժեշտ է երեխաներին խնդրի էությունը հանգամանալից բացատրել ու նրանց անվերջ ապացուցել, որ իրենք կարևոր ու սիրված են: Բոլորովին անհարմար չէ այս հարցում հոգեբանի, հոգևորականի աջակցությանը դիմելը: Խելամիտ ծնողների պարագայում երեխաները այդպես էլ չեն զգում հեռացողի բացակայությունը՝ պատշաճ ուշադրության ու բազմապատկված հոգատարության պարագայում: Եվ ժամանակը ոչ թե որացնում ու ապացուցում է լքվածության զգացողությունն ու վիրավորանքը, այլ պարզապես նոր որակ է հաղորդում ծնող-երեխա հարաբերություններին: