Անցանկալի երեխայի բարդույթը

Տիեզերքում ամենակարևոր մտքերը փոխանցվում են ազդակների ուժով: Սա բացառիկ բնական շնորհ ու փորձություն է՝ միաժամանակ: Այս ամենը ենթագիտակցականի ոլորտն է, ինչը ճանաչելը, ապա կառավարելը իմաստության վերին աստիճանն է:

Աշխարհում միլիարդավոր մարդկանցից շատ-շատերի ծնունդը բոլորովին էլ պլանավորված չէ: Նրանք ծնվում են զուտ այն պատճառով, որ գրանցվել է հղիության փաստը:

Թվում է՝ սա միայնակ կանանց խնդիրն է: Սակայն արդիական է նաև կանոնավոր նորմալ ընտանիքներում: Գաղտնիք չէ որ հղիության ընթացքում պտուղն ազդակներ է ստանում ամբողջ աշխարհից՝ հորից, մորից, միջավայրից: Անցանկալի հղիության պարագայում կնոջ բարդ հոգեվիճակը փոխանցվում է պտղին: Նա լիարժեք կերպով զգում է հոր վերաբերմունքը և դիրքորոշումը: Մոր մտատանջությունները՝ դիմել հղիության արհեստական ընդհատման, թե ամեն դեպքում լույս աշխարհ բերել փոքրիկին, անդրադառնում են երեխայի վրա: Հույզերի, զգացողությունների, մերժված ու անպետք լինելու զգացողություններն ամբարվում են ենթագիտակցական մակարդակում, ու մի օր անպայման հորդելու են:

Երբ ծնվումէ  փոքրիկը, նա իր հետ բերում է ծնողների ու մարդկանց նկատմամբ, շատերի համար անհասկանալի ու անբացատրելի վերաբերմունքի պաշար:

Երեխաները բավական հաճախ են իրենց բողոքն արտահայտում խոսքի միջոցով: Այսքան կարևոր գործառույթը երբեմն ենթագիտակցորեն որպես մանիպուլյացիոն հնարք է կիրառվում:

Քիչ չեն դեպքերը, երբ երեխան չունի որևէ ֆիզիկական ֆիզիոլոգիական խնդիր, չկան հետծննաբերական ու պրենատալ շրջանի բարդություններ, միանգամայն նորմալ վերաբերմունք է ստանում ծնողների կողմից՝ բացակայում են վիրավորանքները, վատ վերաբերմունքը, սակայն փոքրիկը չունի կյանքի նկատմամբ ցանկություն: Ժամանակագրորեն հետ գնալով՝ պարզվում է, որ հղիության ժամանակ հարց է եղել՝ պահպանել հղիությունը, թե՝ ոչ: Արդյունքում՝ սթրեսներ, նյարդային վիճակ, ու այս ամենը փոխանցվել է երեխային: Ընդ որում՝ կարող էր նաև այս իրավիճակն արտահայտվել ոչ միայն հոգեկան, այլև սոմատիկ, ֆիզիոլոգիական տեսքով՝ տարատեսակ հիվանդությունների ձևով:

Երեխաների հույզերը հաճախ են արտահայտվում հենց խոսքի միջոցով: Շատ են դեպքերը, երբ երեխայի չխոսելը հոր նկատմամբ վերաբերմունքի արտահայտությունն են, որոնք պատճառաբանվում են պրենատալ շրջանում հոր ագրեսիայով, անցանկալի վերաբերմունքով, իր նկատմամբ արհամարհանքով, մորը վատ վերաբերմունքով:

Առավել մեծ տարիքում մասնագետները որոնում ու հստակ կարողանում են գտնել պրենատալ շրջանից եկող բարդույթները: Ագրեսիա, որևէ վատ բանով աչքի ընկնելու մոլուցք, վնասելու ցանկություն, պարբերաբար կռիվներ ու ծեծկռտուք, մշտապես անհասկանալի պատմություններ, ուժի, կարողությունների, հմտությունների հավերժ ապացույցներ, սեփական ես-ի կարևորություն, իսկ երբեմն ինքնամփոփ, հասակակիցներից մեկ քայլ հետ… հենց այսպիսին կարող են լինել երբեմնի անցանկալի երեխաները:

Եվ բոլորովին էլ կապ չունի, թե իրենք որքան երջանկություն են բերել իրենց ընտանիք, որքան շատ են ներկայում սիրում ծնողներն ու հպարտանում իրենով…

Սա խնդիր է, որը հնարավոր է վերականգնել: Ժամանակակից հոգեբանությունն ու այս գիտության բազմաթիվ ճյուղերը, ինչպես օրինակ արտթերապիան կամ ոչ ավանդական համարվող թերապիայի ձևերը ի զորու են շտկել այն ենթագիտակցականի մակարդակում: