Հիմնարար փոփոխությունների ժամանակը

Աշխարհն ու դեռահասը միմյանց հակառակ են գնում: Եվ սա այնքան բնական վիճակ է, որ վաղուց դադարել է զարմանք հարուցել: Ինքնամփոփ, անուշադիր ու ցրված, ինչ-որ տեղ մտքերով սավառնող նորաթուխ երիտասարդներ, որոնք կանգնած են հնի ու նորի սահմանագծին:

Հին ու բարի ժամանակներում դեռահասներ էին 16 տարեկանները: Իսկ ժամանակակից չափորոշիչները դեռահասությանը բնորոշ փոփոխությունները սկսել են ֆիքսել արդեն 11 տարեկանից:

Մեր օրգանիզմի՝ հոգեկան ու ֆիզիոլոգիական աճը նյութափոխանակության ու հորմոնալ տեղաշարժերի ամբողջություն է: Դեռահասության հատվածում, երբ մարդու օրգանիզմը սկսում է հասունանալ նյութափոխանակային ու հորմոնալ փոփոխությունների մեկ այլ մակարդակում, ի հայտ են գալիս հոգեֆիզիոլոգիական զգացողություններ, որոնք նախկինում չեն եղել: Մեր հորմոններն են պատասխանատու մեր գիտակցության, տրամադրության, աշխարհընկալման ու շատ հարցերում դրսևորման համար: Ու հորմոնների այլ տեսակի ներզատումը բերում է դեռահասների մոտ խառնաշփոթ մի իրականություն, երբ դժվար է լինում սեփական ես-ը և աշխարհին հասկանալը:

Երեխայից դեպի դեռահասի անցումը սեռական հասունացմամբ է ազդարարվում: Արտաքին սեռական օրգանների զարգացումը, մենարխեի սկիզբը պահանջմունքների ու աշխարհաճանաչողության նոր մակարդակ են բերում:  Ֆիզիոլոգիական զարգացմանը զուգահեռ սկիզբ է առնում նաև հոգեբանական զարգացումը: Ու դեռահասը սկսում է խորամուխ լինել մարդկային հարաբերությունների, երևույթների ու որակների հարթություն: Հենց այս ժամանակ է, երբ տեղի է ունենում արժեհամակարգի վերագնահատումը, գենետիկ կոդի ամենաուժեղ որակների բացահայտումը, ամբողջ կյանքի համար առաջնահերթությունների սահմանըումը, թեկուզև՝ ենթագիտակցականի մակարդակում: Բնական է, որ այս ժամանակահատվածում անցումային հեղհեղուկ հոգեբանությամբ մարդը սպունգի նման կլանում է շրջապատի ներազդեցությունները:

Հենց այս ժամանակ են ի հայտ գալիս հեղինակություններ, որոնք հակված են չփոխվել: Արժեքներ, որոնց համար ձևավորվում է պայքարի տրամադրություն: Հավատամք, որը դժվար է արմատախիլ անելը: Որակներ, որոնք ձևավորելու են հասարակության անդամին: Ու հենց այս ժամանակ է տեղի ունենում առաջին բախումը: Դեռահասը պայքարի մեջ է մտնում: Պայքարի առաջին օբյեկտը ընտանիքն է: Որպես կանոն՝ անցումային այս շրջանում մշտապես կասկածի տակ է դրվում ընտանեկան արժեհամակարգը: Այն ծնողները, որոնք շարունակում են վայելել իրենց դեռահասի սերն ու հեղինակությունը, իրապես երջանիկ են: Դասարանը, բակը, շրջակա միջավայրը, թաղամասի ակտիվ ու անբարտավան հատվածը, չկայացած հեղինակությունները երբեմն ավելի բարձր հեղինակություն են ունենում, քան սեփական ծնողները: Սա որքան էլ բնական, այնուամենայնիվ կանխարգելելի պրոցես է: Ծնողական հեղինակության թեման ամենանուրբն է: Այն ճաքեր է տալիս ամենաանսպասելի տեղում, ամենաչմտածված իրավիճակներում, իսկ դրսևորվում՝ պրովոկացիաների ժամանակ…

Դեռահասները կարճ ժամանակում ամենավատ աշակերտներն են դառնում: Նրանք լսող փոքրիկից հանկարծ վերածվում են ինքնամփոփ ու ինքնասածի մարդու, ով առաջնորդվումէ  միմիայն կամակորություններով: Նրանց կարծիքով՝ թե՛ ուսուցիչները, թե՛ ծնողներն իրենց դեմ են, իրենց անտեսված են ու չսիրված:

Հենց այս ընթացքում է բարդանում նրանց հարաբերությունները: Յուրաքանչյուր խոսքում միտում որոնող դեռահասրը մշտապես կոնֆլիկտի մեջ է ավագների հետ: Դեռահասության անցումային տարիքը նման է դանակի շեղբի վրայով քայլքի՝ վերջնականապես ընկնել բացասական ազդեցությունների տակ՝ հետագայում դժվարությամբ վերգտնելով ճշմարիտ արժեքները, թե այնուամենայնիվ հաղթահարել փուլի բարդությունները: Այս հարցում բացառիկ է ծնողների նրբանկատության դերը՝ ճիշտ գնահատել իրավիճակը, ճանաչել խնդիրները,  խրատել առանց այդ մասին ճչալու: Սա այնքան էլ հեշտ չէ, չէ՞ որ մեծահասակներն իրենք երբեմն կարիք ունեն որոշակի հմտությունների:

Մեր ժամանակների հիմնախնդիրը տեղեկատվության ազատությունն է: Հիմնականում բաց ու գայթակղիչ ինֆորմացիոն հնարավորություններ,  փորձելու, նոր զգացողությունների մոլուցքով տառապող դեռահասներ… Սեփական իրավունքների ու ազատությունների մասին բղավող դեռահասը հաճախ է դառնում վտանգավոր սովորությունների զոհը: Բարեբախտաբար, հայկական իրականությունում դեռահասների շրջանում անկանոն սեռական կապերն ու անչափահասների հղիության դեպքերը ավելի քան եզակի են, այնուամենայնիվ, չեն դադարում մարտահրավեր մնալ:

Այնուամենայնիվ, մերօրյա դեռահասները՝ Generation Z կոչվող սերնդի հետնորդները, իրենց մտածելակերպով ու մտահորիզոնի ծավալ-լայնությամբ մի քանի ոլորտ ավելի են: Նրանք իրենց գենետիկ կոդում ու ենթագիտակցության մեջ ունեն տեղեկատվության ու նորարարությունների վերաբերյալ խորքային գիտելիքներ: Արհեստական բանականության սերունդը առավել շրջահայաց է, ու նաև սա է չափազանց պրագմատիկ միելնիալների հետ բախման բնական հակասությունը:

Ի վերջո, դեռահասության փուլը կհաղթահարվի: Սա մարդու բնական զարգացման միակ ճանապարհն է: Պարզապես, նույնքան կարևոր է հետանցումային տարիքը: Երբ արդեն կա ձևավորված որոշակի արժեհամակարգ, որը աստիճանաբար դոմինանտ է դաեռնում:

Որքանով դեռահասն ու ծնողը կշարունակեն միմյանց համար արժեք մնալ, կախված է ընտանիքում ի սկզբանե դրված արժեհամակարգից, առաջնահերթություններից ու հոգևոր կապից: