Առողջ՝ անկախ տարիքից

Կյանքի ամենատարբեր ժամանակահատվածներում մարդու մոտ կարող է երիկամաքարային կամ միզաքարային հիվանդություն ախտորոշվել: Դա նկատվում է նաև   տարեց հասակում: Մարդու օրգանիզմում քարերի առաջացման և դրանցից ձերբազատման հնարավորությունների մասին ենք զրուցել Շենգավիթ բժշկական կենտրոնի Ուրոլոգիական կլինիկայի բժիշկ-ուրոլոգ Գագիկ Գնելի Թադևոսյանի հետ:

Բժիշկ Թադևոսյան, միզաքարային հիվանդությունը բավական հաճախ է ախտորոշվում մեծահասակների մոտ: Ինչո՞վ է դա պայմանավորված:

— Եթե մեծ տարիքում, ախտորոշվում է հիվանդությունը, ուրեմն, դրանք հիմնականում երիտասարդ տարիքի քարերն են, որոնք երկար տարիներ եղել են, բարեբախտաբար խնդիր չեն առաջացրել: Հետևաբար և ուշ են ախտորոշվել:

Ընդհանուր առմամբ, որո՞նք են միզային համակարգում քարերի առաջացման պատճառները:

-Պատճառները չափազանց տարբեր են: Իհարկե, դեռևս չկա հստակ ապացուցված պատճառ, թե կոնկրետ ինչից են առաջանում միզային համակարգի քարերը: Թեև այս հիվանդությունները բավական հին պատմություն ունեն և ուղեկցում են մարդկությանը վաղնջական ժամանակներից: Սակայն, կան մի շարք պատճառներ, որոնք պայմանավորում են քարերի առաջացումը՝ օրգանիզմի ընդհանուր նյութափոխանակության խանգարումները, հորմոնալ խանգարումները, վիտամին D-ի փոխանակության խանգարումը, նաև պարատհորմոնի շեղումը, երկարատև ՝ որոշակի խումբ դեղամիջոցներ ընդունած մարդկանց մոտ

Հայտնի է, որ ժամանակակից բժշկագիտությունը հակված է ընտրել ոչ ինվազիվ, քիչ տրավմատիկ միջոցներ: Հեռահար քարափշրումը դրանցից մեկն է: Ի՞նչ է այն իրենից ներկայացնում:

— Քարափշրումը պացիենտի տեսանկյունից բավական հեշտ մի միջամտություն է, որ իրականացվում է քարափշրման սարքավորման օգնությամբ: Մենք աշխատում ենք Դոռնիեր ապրանքանիշի սարքավորումներով: Ի դեպ, սա աշխարհում առաջին նմանատիպ սարքավորում արտադրած ընկերությունն է: Բնականաբար, մենք կիրառում ենք ժամանակակից տարբերակը՝վերջին սերնդի բարձր արդյունավետությամբ սարքավորումը:  Քարափշրման ապարատն իրենից ներկայացնում է մեխանիկական ալիքների համադրում էպիկենտրոնում՝ բազմակի ալիքները մի էպիկենտրոն են ուղղորդվում, բոլորի էներգիան  գումարվելով առաջացնում է մեծ մեխանիկական էներգիա, որն էլ առաջացնում է քարի փշրում:

Կարելի՞ է արդյոք այս միջամտությունն իրականացնել մեծահասակների պարագայում:

-Այո, եթե չկան հակացուցումներ , հիմանկանում՝ սիրտ-անոթային համակարգի , հենաշարժիչ համակարգի կողմից: Իրականացվում է կարդիոգրամմա, այլ հետազոտություններ՝ պարզելու հիվանդի ընդհանուր վիճակը, ապա որոշվում է իրականացնել միջամտությունը: Այն կարելի է իրականացնել նույնիսկ սիրտը վարող սարքերի առկայությամբ: Քարափշրման ապարատը հետևում է և միևնույն ռիթմով է իրականացնում ազդակի արձակումը:

Արդյո՞ք մեկ սեանսը բավական է ավարտուն արդյունքի համար:

-Քարափշրման վերաբերյալ տեղեկատվությունն ու ռազմավարությունը մենք քննարկում ենք մինչև միջամտությունն իրականացված հետազոտությունների արդյունքում: Եթե չափերով մեծ են քարերը, կամ կարծր են ու խիտ, երբեմն անհրաժեշտություն է լինում կրկնել սեանսը: Այս մասին հանգամանորեն տեղյակ է լինում պացիենտը՝ խորհրդատվության ժամանակ: Մենք պացիենտին տեղեկացնում ենք նաև սեանսին հաջորդող վիճակի մասին: Երբեմն, քանի որ միկրոալիքային հարվածի արդյունքում հնարավոր են մազանոթների վնասումներ, պացիենտը կարող է հետագայում մեզում արյան մնացորդներ, վարդագույն մեզ տեսնել: Սա բնական է: Որպես կանոն, չափերով մեծ քարերի պարագայում, վերջիններս ընկնում են մինչև երկու շաբաթվա ընթացքում: Նշանակվում են նաև ցավազրկող, հակաբակտերիալ և հակաբորբոքային միջոներ՝ կանխելու հնարավոր բարդությունները:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *