Իմաստը որոնելու իմաստը

Լինում են օրեր, երբ ես անընդհատ մտածում եմ կյանքի իմաստի մասին: Իհարկե, ես վստահ եմ, որ այդպես էլ որևէ նոր բան չեմ հայտնաբերելու: Հնի վրա եմ հիմնվելու ու շարունակելու խարխափել անորոշության մեջ: Ինչ անել, ում հավատալ, ում վստահել, ում հետևից գնալ: Իսկ գնա՞լ ինչ-որ տեղ, հավատա՞լ ընդհանրապես, վստահե՞լ…

Ինչ-որ բան ինձ Համլետին է հիշեցնում: Բայց դե: Մեր իրականությունն ավելի քան հեռու է բանաստեղծական լինելուց, ու ավելի քան պրագմատիկ է, գուցե և դատարկ: Ամեն ինչ չափազանց պրիմիտիվ է ու սահմանափակվում է  միայն՝ այդպես եմ ուզում ու այդպես եմ պատկեացնում պարզունակ տրամաբանության շրջանակներում: Որին, ի դեպ, այնքան էլ թվացյալ ոչ պարզունակ մարդիկ են հետևում: Ինչևէ: Կյանքն ամեն օր իր հունով է գնում: Ժամանակը սպանում է մեզ այնպես, ինչպես մենք ենք իրեն սպանում ամեն օր կյանքի իմաստի փնտրտուքներում: Իսկ ամենակարևոր հարցերը մնում են անպատասխան: Սերը, մարդիկ, հարաբերությունները, քաղաքականությունը, աշխարհաքաղաքականությունը մի տեսակ դուրս են եկել մարդկային տրամաբանությունից: Բնազդներն էլ արհեստականորեն են լռեցվել: Միացել է միայն անտարբերության ու ձևական ինտելեկտի ֆունկցիան: Ու հենց այս ամենն է, որ մեզ խժռում է: Մենք կորցնում ենք մեր եսը թվացյալ կարևոր հարցերի ու թվացյալ անհրաժեշտ հարաբերությունների մեջ: Մենք տապալում ենք մեր գիտակցությունը: Իսկ միգուցե միշտ ենք նույնքան անգիտակից եղել: Ամենակարևոր հարցերի դեպքում է, որ սկսում ենք հասկանալ, մարդիկ երբեք էլ իմաստ չեն ունեցել: Քանի դեռ մենք այսօր չունենք պատասխաններ: Ասել, թե ապրում ենք զոմբիների պես, նշանակում է ոչինչ չասել: Երբեմն ակամայից քեզ թվում է, թե այն փոքրաթիվ նույնական մտածողությամբ մարդիկ են հոգեկան խնդիրներով, քանի դեռ մեծամասնությունը միշտ է ճիշտ: Իսկ իրականում մենք սպանում ենք այն ժամանակը, որը անդարձ մոտեցնում է մեզ հավիտենականությանը: Ափսոս, որ այս ընթացքում այդպես էլ հավիտենական որևէ բան ստեղծելու հնարավորությունն էլ ենք սպանել: Սուտը, կեղծը, անհիմնը այնքան նուրբ են սողոսկել մեր հոգիները ու դարձել օրակարգ, որ թվում է, այլևս դա է ճշմարիտը: Ու մենք ակամա սկսում ենք  հերքել ճշմարիտը: Մենք ամաչում, գետինն ենք մտնում ճշմարտի համար: Բայց դե հենց դա էլ զոմբիացման ֆենոմենն է: Գիտակցաբար զոմբիացման: Միակ հուսադրող գաղափարը բնական ընտրության ֆենոմենն է: Տիեզերքը, Բնությունը միշտ էլ ընտրում է այն, ինչը պետք է մնա: Ու թեկուզ թաղված ու ոչնչացած, տասը քարի տակից էլ Բնությունը վեր է հանելու Ճշմարտի սերմերը: Մենք ամեն վայրկյան ենք առերևույթ հերքում ու հեգնում այն ճշմարտությունը, որը ամենօրյա աղոթք պիտի լիներ, ծախում մեր բանականությունը սատանային, ազատականության տարատեսակ դրսևորումներով , մյուսների թերամտությամբ բացատրում այն, ինչը գետինը պատռել-մտնելու միակ ելքը պիտի լիներ… Ու կգա ժամանակը: Ու գուցե այդպես էլ չլինի կյանքի իմաստը որոնելու իմաստը…

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *