Մեր միջի հաղթողը

Ամեն ինչի՝ բոլոր դժվարությունները, պարտությունների, դեպրեսիաների, կորուստների, միմյանց հաջորդող անհաջողությունների, մերժումների, ավերումների ու արհավիրքների պատասխանը մեկն է՝ ՀԱՂԹԱՆԱԿ: Լինում են պահեր, երբ Դու այլ տարբերակ պարզապես չունես: Կամ լինել ու հաղթել, կամ չլինել:

Հաղթելը դիրքորոշում է: Սա պատասխանն է բոլոր կասկածների ու թերահավատությունների: Մեծ հաղթանակները սկսվում են սեփական անձի նկատմամբ հաղանակից: Հարմարվելը, համակերպվելը, ընդունելը միշտ ավելի հեշտ է: Սա պատասխանատվությունից ու հաղթանակի հետևանքներից բխող իրականության նկատմամբ պարտավորություններից զերծ մի տարածք է:

Երբ Դու նշաձողն իջեցնում ես հատակի մակարդակին համահավասար, սկսում ես ապրել խավարասերի մտահորիզոնով: Այստեղ ամեն ինչ հեշտ է, հարմար, անհետևանք: Այն մարդիկ, ովքեր ընդունում են բոլոր հարաբերություններում՝ մարդկային, աշխատանքային, գործնական, սիրային, ընկերային, արտաքին ու ներքաղաքական, մշակութային… խաղի ցածր կանոնները, ապրում են հեշտության ու լճացման բացառիկ հնարավորությունը, որը կյանքը պարզապես բարձիթողի սպանելու միակ օրակարգն ունի: Պատասխանը մեկն է՝ ապրել ու ոչինչ ձեռք չբերել, ավելին՝ ապրել ու կորցնել և՝ ապրել ու հաղթել: Ընտրությունը բարդ է ու ճակատագրական:

Երբ խելքդ գլուխդ է գալիս, Դու հասկանում ես, որ չկա այլ տարբերակ, քան պայքարն է: Հենց այսպես ենք մենք հաղթել, երբ հաղթել ենք: Ամեն անգամ, երբ մենք Պարտություն ունենք, դա մեր սեփական եսի սահմաններից դուրս չգալու վառ ապացույցն է պարզապես:

Եվ միայն հաղթանակից հետո ես հասկանում, որ այլ տարբերակ ուղղակի չէր կարող լինել: Դու չէիր կարող ապրել ճղճիմ ու առանց քեզ: Մանր ու փոքր նվաճումները, թեթև թվացող ճակատամարտերը, Ճշմարտի ապացույցները , Քո նոր որակը, նոր գիտելիքն ու իմաստությունը տանում են դեպի վերջնական նվաճում: Ու աշխարհը դառնում է այնքան քոնը:

Միակ նկատառում՝ զոռբայությունն ու հաղթանակը տարբեր բաներ են: Զոռաբյութոյւնը մանիպուլյացիան է, որին մենք ականատես ենք անընդմեջ: Իսկ Հաղթանակը վեհ է: Մի հավասարեցրե՛ք մանիպուլյացիան Վեհությանը: Չէ՞ որ ի վերջո ամենաուժեղ Դատավորը՜ Ժամանակը մի օր իր տեղն է դնելու ամեն ինչ ու դուրս են մղվելու բոլոր կեղծ ու սին օրակարգերը:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *