Քաղցր կյանք

«Դինոզավր»-ի ոչ միայն համն էր ժյուրիի անդամների քիմքին հաճո, այլեւ տեսքը՝ աչքին. Մարգարիտա Բաղդասարյանի 3D ձեւաչափով տորթը «Modern Bakery Moscow 2019» մրցույթի «Art class 3D cake» անվանակարգում արժանացել է պատվավոր 1-ին տեղին և Գրան պրիի:

Միջոցառումը մարտի 12-ին էր՝ Մոսկվայում, իսկ մասնակիցներն ԱՊՀ երկրների լավագույն հրուշակագործները:

Սա հրուշակագործ հայուհու վերջին, բայց ոչ առաջին, ոչ էլ ամենավերջին հաղթանակն է:  Մարգարիտան ընդամենը 22 տարեկան է, բայց արդեն իսկ մի շարք մրցույթների, փառատոների դափնեկիր է ու հարյուրավոր «քաղցր քանդակների» հեղինակ: « Առաջին մասշտաբային մրցույթը, որին մասնակցել եմ, 2017 թվականին անցկացված «Տորթի տոն» փառատոնն էր, որին մասնակցում էին ՀՀ և ԼՂՀ փորձառու հրուշակագործներ և ես՝ 19 տարեկան անփորձս»,- համեստությամբ նշում է զրուցակիցս: Բայց իրեն անփորձ համարող հրաշակագործը, արի ու տես, որ առաջին անգամ մասնակցելով՝ առաջ է անցնում բազմամյա փորձառուներին ու արժանանում պատվավոր արծաթե մեդալին. դրանով իսկ սկիզբ դնելով հաղթանակներին: «Իմ մասնակցած բոլոր մրցույթներում, եղել եմ ամենաերիտասարդ մասնակիցը: Առհասարակ հրուշակագործության մեջ տարիների փորձն է արդյունք ցույց տալիս, այդ իսկ պատճառով ամեն հաղթանակից հետո ժյուրին միշտ զարմացել է՝ իմանալով տարիքս»:

Մարգարիտայի մայրիկն էլ հրուշակագործ է: Ահա թե որտեղից է սերն ու հետաքրքրությունը հրուշակագործության  նկատմամբ: «Չեմ հիշում՝ կոնկրետ ե՞րբ, ինչպե՞ս, բայց ամեն բան սկսվեց դեռ այն ժամանակ, երբ սովորում էի  գեղանկարչության ֆակուլտետում: Ստեղծագործում էի, նկարում, բայց զգում էի, որ մի բան պակաս է:  Ուզում էի քանդակել, բայց ինձ հարմար նյութ չէի գտնում աշխատելու: Եվ քանի որ մայրիկս աշխատում էր, տորթեր պատրաստում, մի օր ձեռքս վերցրեցի շաքարային խմորն ու սկսեցի ծեփել կենդանիներ, տարբեր արձանիկներ… հասկացա, որ այն է, ինչ փնտրում եմ,- ժպտում է «քանդակագործն» ու շարունակում,- դրանից հետո էլ ավելի կենտրոնացա այդ ուղղության վրա, ինքնուսուցմամբ, ինքնազարգացմամբ և ամենօր էլ ավելի կատարելագործվող աշխատանքներս զարմացնում էին թե՛ ինձ, թե՛ հարազատներիս»:

Մարգարիտան սովորել է Կապանի Գեղարվեստի դպրոցում: Այնտեղ արդեն իսկ սկսել է մասնակցել մանկական նկարչական տարբեր մրցույթների, այդ թվում նաև միջազգային, և ամեն հաղթանակից հետո էլ ավելի կապնվել բնագավառին : Դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Արվեստի պետական քոլեջում՝ Գեղանկարչություն բաժնում: Այժմ էլ հեռակայում եմ ԵՊՄՀ Գեղարվեստական կրթություն ֆակուլտետում:

Մարգարիտան հիմա էլ շարունակում է զբաղվել գեղանկարչությամբ: Նկարում է սիրով, բայց միևնույն է կարծում է, որ հրուշակագործությունն է իրենը, դա բնատուր է, Աստծո կողմից տրված. «Հրուշակագործությունը, մասնավորապես քանդակատորթեր պատրաստելը, ինձ համար արվեստ է, կյանք. ես դրանով ապրում եմ ամենօր, հնարավորություն ստանում անընդհատ ստեղծագործելու, ստեղծելու նորը, կրկնօրինակելու բնության ստեղծած հրաշքները՝ իմ շնորհով»: Ասպարեզում հայտնի հրուշակագործներից իր համար ոգեշնչման աղբյուր եմ համարում հայզագի ամենափայլուն ու տաղանդավոր, մոսկվաբնակ Վերա Հովհաննիսյանին. «Ճիշտ է, շատ են լավ ու տաղանդավոր վարպետները, բայց ինձ համար Վերան է եղել այն դեմքը, ում փորձել եմ հասնել, միշտ զարմանքով հետևում էի նրա աշխատանքներին ու մտածում՝ կգա՞ արդյոք մի օր, որ ես էլ կարողանամ նման քանդակներ անել: Շնորհակալ եմ նրան, այդ ոգեշնչումն ու ձգտումն իմ մեջ արթնացնելու համար»:

Հրուշակագործն իր ունեցած բոլոր ձեռքբերումների համար շնորհակալ է ընտանիքին, քանի որ միշտ, ամեն պարագայում իր կողքին են, ուժ են տալիս, ոգեշնչում, և անգամ այն պարագայում , երբ ինքն իրեն թերագնահատում է, այդ ամենն իրեն ուղղորդում են բացարձակ հաղթանակի:

«Զավեշտալի մի բան պատմեմ վերջին՝ «Modern Bakery Moscow 2019» մրցույթից: Ես ոչ մի հարցազրույցի չեմ մասնակցել, անգամ նկարներում չկամ, քանի որ երբ հայտարարեցին, որ ես եմ հաղթողը, վայրկյաններն էի հաշվում, թե երբ պետք ա վազեմ դռներից այն կողմ ու ուրախությունս կիսեմ այնտեղ հավաքված ընտանիքիս անդամների ու հարազատներիս հետ, ու այդպես էլ արեցի, երբ մեդալս ու գավաթս արդեն իմ ձեռքում էին, էլ ոչնչի չսպասեցի, միանգամից վազեցի դուրս», — մեծ ուրախությամբ հիշում է ամենաերիտասարդ հրուշակագործը:

Առաջիկա մրցույթը, որին նախատեսում է մասնակցել Մարգարիտան 2020 թվականին Լյուքսեմբուրգում կայանալիք մեգա մրցույթն է, որին մասնակցելու են աշխարհի ամենահզոր խոհարարներն ու հրուշակագործները. «Ինձ համար մեծ պատիվ կլինի պատվով ներկայացնել Հայաստանը նման հզոր մրցույթի և բարձրացնել մեր եռագույնը»: Մարգարիտան առայժմ չի կարող պատկերացնել իրավիճակ, երբ կհամաձայնի գործունեությունը շարունակել այլ երկրում, մրցույթներում հանդես գալ այլ դրոշի ներքո: Ասում է. «Սիրում  եմ իմ Հայաստանը, իմ բոլոր երազանքները կապված են Հայաստանի հետ»:

Հ.Գ. Մարգարիտայի պրակտիկայում շատ են եղել հետաքրքիր ու արտասավոր պատվերներ, սակայն դրանց շարքում, կան այնպիսիններ, որոնք նա երբեք չի մոռանա. «Ստացա պատվեր. հոբելյարը Պիտբուլ ցեղատեսակի շուն էր, և տորթ-քանդակն էլ, հենց պետք լիներ այդ շունը: Դժվարությամբ , բայց համաձայնեցի ու ինձ համար անչափ բարդ աշխատանքային օրերից հետո ստացա այն սպասված արդյունքը, որ ակնկալում էր տեսնել պատվիրատուն: Մի անգամ էլ պատվեր էի ստացել մուլտհերոս Մինիոն, պատրաստեցի, ուղարկեցի, և երբ սովորության համաձայն հաջորդ օրը զանգեցի իմանալու, հավանել էին տեսքը, համը, պատասխանը զարմացրեց՝ տորթիկը չէի կտրել, բալիկը չէր թողել.«Մինիոնը մեղք ա, չսպանեք իրեն»: Ու այսպես մնացել էր շաբաթից ավելի: Եվ, թերևս ամենատարօրինակ պատվերը. մուգ երանգների մեջ տորթ՝ հալվող մոմ, պատրաստելու ամբողջ ընթացքում մտածում էի՝ տեսնես ի՞նչ է խորհրդանշում: Երբ եկան պատվերը տանելու, հարցրեցի ու քարացա պատասխանից՝ տորթը մահացած մարդու համար էր»:

Նինել Հովհաննիսյան

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *