Արտացոլանք, որում գտնում ես քեզ

Լուսանկարները ապրեցնում են մարդկանց դարերով: Դրանք իրենց մեջ իրականությունից ավելի շատ էներգետիկա են պարունակում: Հատկանշական է, որ այդ էներգետիկան այդպես էլ չի խամրում:  Ինչու՞: Լուսանկարի՞չն է խորաթափանց ու օժտված ինչ-որ հատուկ տեսողությամբ, թե… Մենք զրուցեցինք մի մարդու հետ, ով աշխարհը տեսնելու իր ուրույն դիտակետն ունի: Շուշան Վարդանյանը նախ տնտեսագետ է, ապա՝ լուսանկարիչ…նաև՝ գեղանկարներ է անում:

-Մարդ, ով ընտրել է լուսանկարչությունը: Կարո՞ղ ենք բնորոշել նրան՝ հետաքրքրասեր, գեղեցիկը նկատող, թե պարզապես հոբբիին հավատարիմ մարդ:

Մարդ, ով  ի սկզբանե բոլորովին այլ մասնագիտություն է ընտրել  լուսանկարչության հետ բացարձակ կապ չունեցող:

-Ավարտելով Երևանի պետական տնտեսագիտական Ինստիտուտը՝ հասկացա, որ, ճիշտ է, շատ սիրում եմ մասնագիտությունս, սակայն կա մի անկյուն, որը միշտ բաց, դատարկ  է մնում՝ չեմ կարողանում ստեղծագործել, արտահայտել այն, ինչ զգում ու տեսնում եմ, կամ միգուցե ուզում եմ տեսնել այն, ինչ ուրիշի աչքերով այնքան ուրիշ է: Չկորցնելով թվերի աշխարհը՝ ստեղծեցի բոլորովին այլ աշխարհ, որը սկսվեց յուղաներկի բազմերանգությունից և հասավ մինչև կյանքի յուրաքանչյուր պահը ֆիքսող անսահմանությանը՝լուսանկարչությանը: Այն ինձ համար երբեք հոբբի չի եղել, միշտ եղել է ինքնադրսևորման տարբերակ, որն օրըստօրե ավելի ու ավելի կատարյալ է դառնում:

Եթե նորից ընտրելու և նորից սկսելու հնարավորություն լիներ, ի՞նչ կփոխեիք

-Այնքան հաճախ եմ լսում հարցը, թե արդյոք այդ երկու զբաղվածությունները՝ մասնագիտությունները,  իրար չեն խանգարում: Միանշանակ՝ ոչ. դրանք տարբեր աշխարհներ են, որոնք միմյանց միայն լրացնում են: Չնայած ծայրահեղ զբաղվածությանս՝ ես առանց մեկը մյուսի չեմ պատկերացնում: Դա արդեն հիմք է հստակ ասելու, որ ոչինչ չէի փոխի, միայն շատ կուզեի, որ ժամանակը շատ լիներ, հաճախ գլխումս այնքան բան է պտտվում, որ պարզապես չեմ հասցնում իրականացնել:

Մեր շուրջն այնքան գորշ ու կեղտոտ բաներ կան, չեն խամրեցնում արդյոք դրանք իրականությունն ամբողջությամբ ու դժվարացնում գեղեցիկը գնահատելու հնարավորությունը:

-Մեզ շրջապատող աշխարհն այնպիսին է, ինչպիսին մենք ուզում ենք տեսնել: Երբեք չպետք է կորցնել գեղեցիկն ու դրականը տեսնելու և դրանով ապրելու  հնարավորությունը: Մենք ամեն ինչ տեսնում ենք այն  գույներով, ինպիսին մեր ներաշխարհն է: Ուստի՝ եղե՛ք դրական, մտածե՛ք դրական, գործե՛ք դրական:

-Ձեր ամենասիրելի կադրը…

-Որտեղ կան անսահման էմոցիաներ ու կյանք…Ես սիրում եմ երեխաներին նկարել, ստանում եմ անսահման դրական էմոցիաներ… մի պահ տեղափոխվում եմ իրենց աշխարհ ու վերանում իրականությունից: Իսկ առհասարակ սիրում եմ այն կադրերը, որոնք ասելիք ունեն, կան կադրեր, որոնք կարծես պատմություն ունենան:

 —Ո՞րն է ձեր ոգեշնչման աղբյուրը:

— Ինձ ոգեշնչում են շրջապատող մարդկանց սերը և ջերմությունը, իմ՝ գեղեցիկը տեսնելու և գնահատելու կարողությունը: Դե իհարկե, չկա մարդ, որը վատ հոգեվիճակներ ապրած չլինի, ինչն էլ ինքնին ստեղծագործելու մեծ դրդապատճառ է: Ի դեպ ասեմ, որ իմ առաջին  նկարը կտավի վրա հենց նման բացասական հոգեվիճակի արդյունք է եղել: Ոգեշնչման աղբյուր կարող է հանդիսանալ նույնիսկ ամենափոքր թվացող երևույթը: Շատ կարևոր է կարողանալ քեզ շրջապատել դրական մարդկանցով և պահերով:

Ի՞նչ բաղադրիչներից է կազմված երջանկությունը և ի՞նչն է ամենակարևորը:

-Երջանիկ եմ այնքանով, որքանով կարողանում եմ գնահատել այն, ինչ ունեմ: Աշխատելով բժշկական հաստատությունում՝ առնչվում եմ առողջական լուրջ խնդիրներ ունեցող բազմաթիվ մարդկանց հետ, որը ստիպում է առավել կարևորել ցանկացած պահը և ստանալ մաքսիմալ դրական էմոցիաներ:

Կնոջ կյանքում որոնք են կարևոր բաղադրիչները:

-Զգալ, որ դու սիրված ես…

Ինչի՞ մասին են Շուշան Վարդանյանի երազանքները և ապագայի պլանները:

-Մարդ պետք է երազի ամեն պահի … Թե ինչի մասին են իմ երազանքները  կատարվելու դեպքում խոստանում եմ կիսվել ձեզ հետ: Իսկ առհասարակ երազում եմ ժպտացող մարդկանց, դրական պահերի, անշահախնդիր բարության և խաղաղության մասին: Ինչ վերաբերում է ապագայի ծրագրերին ՝ դրանք շատ են և դրանցից յուրաքանչյուրի հիմքում հենց ամենամեծ երազանքս է…

Ապրել նկարելո՞վ, թե նկարել՝ ապրելով:

— Նկարն ինքնին հոգեվիճակ է, արտացոլանք, որում հետո գտնում ես ինքդ քեզ: Յուրաքանչյուր ստացված լուսանկար նոր գույներ է հաղորդում կյանքիս: Ուստի ապրում եմ ավելին անելու, կատարելագործվելու և ժպիտներ պարգևելու համար: