Անպտղություն

Ամենանուրբ հարցը:

Ամենաճակատագրականը:

Ամենաչբացահայտվածը:

Կյանքի իմաստը շարունակականությունն է: Այն տիեզերքի շարժիչ ուժն է, հավերժության շարժիչը:

Հազար ու մի պատճառով՝ ժառանգականություն, գենային մուտացիաներ, երբեմնի տարած հիվանդություններ, վարակների առկայություն, հոգեբանական գործոններ, անհասկանալի իրողություն, զույգի անհամատեղելիություն և այլ, հանգեցնում են անպտղության: «Դու երեխա ունենալ չես կարող» արտահայտությունը դատավճիռ է կնոջ Բնությանն ու խարան միևնույն ժամանակ: Սա Բնության ու Տիեզերքի դեմ դավաճանության զգացողություն է: Զգացողություն, որը անզորության, անօգնականության ու անպետքության նշույլներն ունի:

Աշխարհը շուռ է գալիս այն կնոջ գլխին, ով լսում է իր ախտորոշումը: Սկզբում, նրան թվում է՝ ամեն ինչ կանցնի, բժիշկները սխալվել են: Սակայն, ժամանակ անց նա համոզվում է, որ այն, ինչն իր օրգանիզմի տրամաբանական ռեակցիան պիտի որ լիներ, երազանք է, հրաշքի պես մի բան: Ու աստիճանաբար իր բարդույթն առավել ընդգրկուն է դառնում: Դեպրեսիաներ, ամուսնու նկատմամբ ոչ ադեկվատ վերաբերմունք, մեղադրանքներ… Կորչում է սերը, երկրորդվում երեխայի սպասմանը: Կնոջ աչքի առաջ են գալիս, իր շրջապատի բոլոր այն կանայք, ովքեր անցանկալի պտուղներից ազատվել են, կամ՝ դժկամությամբ ծննդաբերել, հիշում է լքված երեխաների վերաբերյալ բոլոր դեպքերն ու հրապարակումները:

Անպտուղ կնոջ հոգեհուզական վնասվածքների վրա աղ ու պղպեղ են ամենօրյա հարցապնդումները՝ սպասվող երեխայի վերաբերյալ: Հարազատների գուցե և անկեղծ հորդորներն ու ուղղորդումները: Նրա համար դանակի հարվածներ են կշտամբանքներն ու անվայելուչ արտահայտությունները:

Թվում է՝ անցել են ժամանակները, երբ ազգականները աննրբանկատություն էին ցուցաբերում նորահարսի նկատմամբ, պարբերաբար հետաքրքրվելով հղիության վերաբերյալ: Սակայն ամեն ինչ շարունակվում է: Ամենամոտ ազգականները շարունակում են չափից շատ սպասել փոքրիկին՝ իր բոլոր հետևանքներով:

Արդյունքում՝ կինը դառնում է գերզգայուն, գերընկճված, գերխոցելի: Նա ոչինչ չի գիտակցում, ոչինչից հաճույք ու վայելք չի ստանում: Պարզապես գիտակցում է իր անկարողությունը, որը որդի պես կրծում է նրան՝ հոգեպես ու ֆիզիկապես հյուծելով:

Երբեք մի՛ հետաքրքրվեք կնոջ հղիության փաստով: Ձեր սիրալիր հետաքրրությունն ու ուշադրությունը, որքան էլ անկեղծ լինեք, չեք իմանա, թե որքան կխոցեն նրան: Դժվար է առաջին հայացքից կռահել, որ կնոջ ժպտացող դիմակի հետևում հղիանալու տարիների ջանքեր են՝ տոննաներով խմած դեղեր, անվերջ հետազոտություններ, անհաշիվ խորհրդտվություններ, արտամարմնային բեղմնավորման անհաջող փորձեր, ժամանակակից տեխնոլոգիաներով ու դեղամիջոցներով քրքրված օրգանիզմ: Հսկայական գումարներ, վաճառված թանկարժեք իրեր, ամբողջ աշխատավարձի ներդրում… Անվերջ սպասումներ, օրգանիզմի յուրաքանչյուր բջջին դեպի հղիության տանելու մտքի ուղղորդում…

Ձեր բարի հարցասիրությամբ մի ընդգծեք նրա անկարողությունը Բնության դեմ: Յուրաքանչյուր հոգատար հարցմունք դանակի հարված է նրա կանացիությանն ու մայրական սկզբին, որը թուլացնում է, ծնկի բերում ու ստիպում ոչինչ զգալ…

Երեխաները ուղարկվում են երկնքից, այնպես, ինչպես ամուսնություններն են այնտեղ կնքվու: Յուրաքանչյուր երեխա ունի իր լույս աշխարհ գալու ժամանակը: Երեխաները ծնողների կարման են՝ բեղմնավորումից ի վեր: Սա ճակատագրի ու Տիեզերքի դաշինք է, որի դեմ անզոր են մարդը, տեխնոլոգիան ու նպատակադրումը:

 

 

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *