Գենի ուժը

Գուրգեն Ջանիբեկյան: Հայտնի Ջանիբեկյանների տոհմածառից երիտասարդ արվեստագետ: Բազմաթիվ ֆիլմերի հեղինակ է, որոնցից  «Վերջը դա սկիզբն է» ֆիլմը 2012-ին  արժանացել է «Ես եմ» միջազգային երիտասարդական կինոփառատոնում Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության «Նուարդ» մրցանակին: Մոտ 15 տարի լուսանկարչության ոլորտում է՝ մակրո լուսանկարներ, ֆուդ լուսանկարներ, սև ու սպիտակ լուսանկարչություն և այլն:  Մարդ, ով իր համեստ տեսակով ստվերում մնալով միշտ արարում է: Նման ուժեղ գենետիկայով մարդն անհնար էր չժառանգեր արարելու, ստեղծելու գենը: Սակայն պապի՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գուրգեն Ջանիբեկյանի գենը շատ խոսուն է մեր այսօրվա հյուրի՝ Գուրգեն Ջանիբեկյանի մեջ: Նույն խարիզմատիկ հայացքը, աչքերը և ստեղծագործելու, արարելու ջիղը:

-Հե՞շտ է լինել և ապրել որպես Ջանիբեկյան:

-Գենը սարսափելի հզոր ուժ ունի անհատի ծննդյան պահից սկսած: Շատերը գիտեն մեր պատմությունը: Մենք՝ Ջանիբեկյաններս, պաշտում ենք մեր հորը և սրբացնում մորը: Դա միշտ է այդպես եղել: Դեռևս այն ժամանակ, երբ կրում էինք Տեր-Խաչատրյան ազգանունը: Պապիս հայրը այնքան է սիրել իր հորը Ջանիբեկին, որ հոր մահից հետո ազգանունը փոխել է Ջանիբեկյան: Հեշտ չէ այնքանով, որ ազատ ապրելով և ստեղծագործելով՝ պետք է միևնույն ժամանակ ստեղծագործել և բարձր պահել այն ազգանունը, որի կրողն ես:

-Ի՞նչ է տվել Ձեզ ազգանունը:

-Երբեք չի վնասել: Շատ հարցերում միայն օգնել է, բայցևայնպես պարտավորեցրել է: Հիշում եմ մանկության և պատանեկության տարիներին ցանկություն էր լինում չարաճճիություններ անելու, բայց այն միտքը, որ Ջանիբեկյան ես հաճախ հետ էր պահում: Ամեն դեպքում ես հպարտ եմ, որ Ջանիբեկյան եմ:

-Ինչու՞  արվեստ:

-Հակառակ դեպքում ի՞նչ: Իրականում բազմիցս եմ ասել, որ մասնագիտությունս ծնողներս են ընտրել, ինչի համար շատ շնորհակալ եմ: Ես այսօր ինձ այլ մասնագիտության մեջ չեմ պատկերացնում: Փոքր տարիքից նկարում եմ, բայց ծնողներս որոշեցին նկարչության փոխարեն օպերատորությունն ընտրել ինձ համար: Այն ժամանակ մտածում էին, որ օպերատորի մասնագիտոթյունը եկամտաբեր է: Իմ մասնագիտական ճանապարհին, իհարկե, մեծ դերակատարում ունեցավ Ալբերտ Յավուրյանը: Նա իմ վարպետն է եղել, ինչի համար ես շատ հպարտ եմ, ուրախ ու շնորհակալ:

-Մեծամի՞տ , թե ստվերում ապրող մարդ:

-Ստվերում չեմ ապրում, պարզապես չեմ սիրում աչքի ընկնել: Սիրում եմ լուռ, ստեղծագործում եմ լուռ, բացարձակ պետք չէ բղավել, որ քեզ լսեն: Նրանք ովքեր ունակ են տեսնելու, լսելու քեզ, ժամանակի ընթացքում կհայտնվեն:

-Երեխաներին Ձեզ նմա՞ն եք դաստիարակում:

-Երեխաների դաստիարակությամբ հիմնականում նրանց մայրն է զբաղվում: Ժամանակը ցույց կտա, թե նրանք ում գենն են ժառանգել, չնայած Ջանիբեկյանների գենին չեմ կասկածում:   Ամեն դեպքում մարդն ազատ պետք է մեծանա, կայանա որպես անհատ, բավարարված լինի իր ապրած օրից, տվածից: Իհարկե ծնողներիս նման ես էլ եմ մտածում, որ լավ կլիներ երեխաներս շարունակեին Ջանիբեկյանների ուղին, բայց՝  ինչ ճանապարհ էլ ընտրեն, ես որպես նրանց ընկեր, հայր պատրաստ եմ աջակցել:

-Ձեր կյանքի բանաձևը:

-Կյանքը բանաձև չունի, ապրում եմ ազատ՝ առանց ալգորիթմների, ամենակարևորը ներկայում ինձ համար պատրանքներ չստեղծելով:

-Դժվարությունները հաղթահարում եք , թե՞…

-Այո, դժվարությամբ, բայց հաղթահարում եմ, և հետադարձ հայացք նետելիս հաճույք եմ զգում: Հաղթողի զգացողությունը ավելի ինքնավստահ է դարձնում մարդուն:

-Փնտրո՞ւմ եք:

-Ու՞մ, կամ ին՞չ: Եթե ու՞մ, ասեմ որ երբեք չեմ փնտրել: Փնտրում են կորած իրը, իսկ ես, այն ինչ կորցնում եմ, թողնում եմ անցյալում և միայն առաջ շարժվում:

-Մեր օրերում երիտասարդ արվեստագետը տեղ ունի՞:

-Լինել վարպետ դեռևս չի նշանակում լինել արվեստագետ: Կարծում եմ ես դեռ ուղի ունեմ անցնելու և հասնելու այն նշաձողին, որն ինքս եմ սահմանել ինձ համար:

-Ապագան՝ Ձեզ համար…

-Դեռևս ստեղծագործական: Պլանավորում ենք մակրո լուսանկարների ցուցահանդես, որն իր եզակիությամբ առաջինն է լինելու Հայաստանում:  Պլանավորում ենք գեղարվեստական ֆիլմի նկարահանում, նոր ֆուդ  նախագիծ, սև ու սպիտակ լուսանկարների ցուցահանդես և ադպես շարունակ: Պլանները շատ են, պետք է հասցնել իրագործել, իհարկե հավատարիմ, նվիրված մարդկանց օժանդակությամբ, որովհետև որքան էլ փորձես երազանքները, նպատակները իրականացնել անպայման աջակից ձեռք է պետք:

-Ո՞վ է ձեզ ոգեշնչում, ստեղծագործել, ապրել առաջ նայել:

-Հայրս և մայրս: Ինձ համար դժվար էր հորիցս հետո, բայց ի շնորհիվ նրա էներգիայի ես կարողացա հաղթահարել կյանքիս դժվարին փուլը: Մայրս մշտապես աջակցում և ոգեշնչում է ինձ ցանկացած նոր նախագիծ իրականացնելիս, իսկ հայրս ամեն անգամ երազում ուժ է տալիս առաջ շարժվելու:

-Այն միտքը, որ տղամարդիկ փորձում են գտնել իրենց մոր նման կին, Ձեզ վերաբերո՞ւմ է:

-Իհարկե, ինչ-որ չափով՝ այո: Ամեն դեպքում շատ կցանկանայի, որ երկրորդ կինս նման լիներ մորս:

-Սոս Ջանիբեկյան: Հե՞շտ է լինել նրա եղբայրը :

-Սոսը միշտ կմնա իմ փոքրիկ, երես առած եղբայրը: Իսկ առհասարակ հպարտ եմ, որ տաղանդավոր Սոս Ջանիբեկյանի եղբայրն եմ:

-Ինչ է սև ու սպիտակ լուսանկարչությունը

-Ինձ համար զգացմունքային մի աշխարհ է: Պատկերացրեք, երբ մարդը կույր է, և նրա մի զգայարանը չի աշխատում, փոխարենը մյուսներն ավելի ուժեղ են: Նույն բանը սև ու սպիտակի մեջ է՝ գույներ չկան, բայց դու տեսնում և զգում ես բոլոր երանգներն ու նրբերանգները:

-Կանայք Ձեր կյանքում, հիմնականում նկարում եք կանանց սև ու սպիտակ, ինչու՞:

-Սիրում եմ կանանց առհասարակ: Նրաց մարմինը, գրավչությունը, նրբությունը, իսկ սևի ու սպիտակի մեջ մեկ ուրիշ գրավչություն կա՝ կանանց անտեսանելի կողմը:

-Ի՞նչ է սպասվում վաղը Գուրգեն Ջանիբեկյանին:

-Կապրենք՝ կտեսնենք:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *