Ուժի, հավատի, ռիսկի մասին

Անուշ Բադալյան: Մասնագիտությամբ հոգեբան: Մարդ ով կարողանում է համատեղել աշխատանքը, բիզնեսը, անձնականն ու ընտանիքը: Տարիներ շարունակ Անուշը գործունեություն է ծավալում հանրային կապերի ոլորտում՝ ամեն անգամ նոր ասպեկտներ բացահայտելով: Մարդ, ով կարողացել է ինքնուրույն հասնել այն ամենին որն այսօր ունի: Պայքարող ուժեղ կնոջ տեսակ, կամային բարձր հատկանիշներով, չափազանց խաղաղ մարդ: Նա այն կնոջ տեսակն է, ով գիտի ինչ է ուզում և հստակ տեսնում է այն ճանապարհը, որով առաջ է շարժվում:

-Ինչպիսի՞ն է Անուշը առօրյայում:

-Հավատացեք Անուշը գրեթե չի փոխվում /ժպտում է/: Նա այնպիսին է, ինչպիսին որ կա՝  պարզ: Մարդու պարզության մեջ ամեն բան հստակ ընդգծված է: Իհարկե ներսիս երեխան այդպես էլ չի մեծացել, բայց այդ երեխային ամեն մեկին բախտ վիճակված չէ տեսնել: Ավելորդություններ հարկավոր չեն, որպեսզի փորձես քեզ ավելին ցուցադրել, քան իրականում կաս: Ես պարզապես գիտեմ ինչ եմ ուզում և ուր եմ գնում:

-Գիտեմ, որ սիրում եք բոլոր գույները, բացի սևից: Ինչու՞:

-Սիրում եմ բնության մեջ ներդաշնակ բոլոր երանգները: Իհարկե, գույների ընտրությունը տրամադրությունից է կախված: Հստակ գույն, որը իմն է որպես այդպիսին գոյություն չունի, իսկ սևը ոչ թե չեմ սիրում, այլ դա առանձին պատմություն է: Սիրում եմ սև-սպիտակի համադրությունը, բայց լուսանկարչության մեջ: Դա նույնպես առանձին պատմություն է /կրկին ժպտում է/: Իսկ եթե փիլիսոփայորեն մոտենանք, ապա գույնը, գույնի ընտրությունը մարդու ներաշխարհում տիրող մթնոլորտն է: Դու կարող ես այսօր լինել դեղին, վաղը սև, մյուս օրը կարմիր, կարևորը գույների ներդաշնակության բալանսը չխախտվի:

-Զբաղվում եք մի շարք նախագծերով և աշխատում առողջապահական ոլորտում, որպես մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու: Չի խանգարում բազմաոլորտ նախասիրություններն ու աշխատանքը համատեղել, ինչպե՞ս եք հասցնում:

-Դժվարությամբ, բայց հասցնում եմ: Եթե մարդը ինչ-որ բան է ուզում, անպայման կգտնի ազատ ժամանակ: Կարծում եմ, եթե մարդ մի բան ձեռնարկում է կամ պետք է դա լավ անի, կամ շատ լավ: Հակառակը չի կարող լինել: Սա սեփական դիրքորոշումս է: Միգուցե ոչ միշտ է դա հաջողվում:

Միշտ պետք է ունենալ նպատակ, որը նախկին երազանքն է, և առողջ ամբիցիաներ: Պարտադիր չէ սարեր շուռ տալ, բայց չի կարելի նաև դոփել նույն տեղում:

-Աշխատանք, սպորտ, բարեգործություն, սեփական բիզնես, ուտեստների նկատմամբ նոր հետաքրքրություն, սա այն ամենն է որով այսօր շրջապատում եք Ձեզ առօրյան: Իսկ անձնականը: Միթե այս ամենը չի խանգարում ուժեղ կնոջը մտածել նաև անձնական կյանքի մասին, թերևս հաշվի առնենք այն հանգամանքը, որ տղամարդիկ վախենում են ուժեղ կանանց ներկայությունից:

-Ուժեղ կինը կարող է տղամարդուն և՛ բարձրացնել, և՛ գլորել ներքև: Բայց Իսկական տղմարդը երբեք չպետք է վախենա կնոջ ուժից: Բնավ պետք չէ տղամարդուն ցույց տալ սեփական անձի հզորությունը: Եվ անկախ ամեն ինչից, զբաղվածությունից, տրամադրությունից, հոգնած լինելուց, հոգեվիճակից կինը պետք է միշտ գեղեցիկ, խնամված լինի: Երբեք պետք չէ արտաքինդ մատնի ներքին հոգևիճակդ:

-Լինում են դեպքեր, երբ պլանավորածը, մեղմ ասած, չի ստացվում: Ինչպե՞ս ուժ գտնել հաղթահարելու իրավիճակը:

-Միայն ուժեղ մարդիկ կարող են խոստովանել, երբ իրենց մոտ ինչ-որ բան չի ստացվում, խոսել դրա մասին  և, ինչու չէ, օգնություն խնդրել: Ցանկացած փոթորիկից հետո ծագող արև կա: Մարդն ամբողջ կյանքում ինքնադաստիրակվում է սեփական փորձով, ձախողումներով, հաջողություններով, կորուստներով ու ձեռքբերումներով, սիրելով ու հիասթափվելով: Պետք է խիզախ լինել և ռիսկի գնալ նպատակների համար:

-Ի՞նչ բանաձև ունի Ձեր երջանկությունը:

-Երջանկությունը ապրվելիք է: Այն ինչ թերի է, կիսատ ու չբավարարված բերում է ոչ լիարժեք հոգեվիճակի ապրմանը: Դա էլ հենց ոչ երջանկությունն է: Այո, ես երջանիկ եմ. ունեմ հրաշալի ընտանիք, ընկերներ, ապրում եմ, արարում, միտքս սթափ է, լեզուս ճարտար: Սիրում եմ կյանքն ու բոլորին, ովքեր գույն են տալիս կյանքիս:

Ստացվում է, որ կայանք ուժեղ սեռ են և եթե այո, արդարացված է այն փաստը, որ դեռևս Ձեր կողքին չկա այն տղամարդը, որին դուք փնտրում եք: Հետևաբար այն կարծիքը, որ ուժեղ կանանց տղամարդիկ հարկավոր չեն ճիշտ է:

-Կարծում եմ ոչ թե սեռն է ուժեղ, այլ մարդը՝ անկախ սեռից: Ես ուժեղ տեսակ եմ, քանի որ ինքս միայնակ եմ հարթել իմ ճանապարհը: Միայնակությունը չեմ պայմանավորում տղամարդու գոյությամբ կամ բացակայությամբ: Ես այլևս չեմ փտնրում: Որովհետև չպետք է փնտրել, պետք է հանդիպել: Հանդիպել ու հասկանալ, արդյո՞ք Նա է ում հետ պատրաստ ես կիսել պահդ: Իսկ ո՞վ ասաց, որ չեմ հանդիպել այդ տղամարդուն /ժպտում է/:

Մենք՝ կանայք, բացի մեզանից միշտ մտածում ենք, հոգ ենք տանում տղամարդկանց մասին, չէ որ նրանք մեծ երեխաներ են: Եվ սիրել տղամարդուն իր բոլոր մինուսներով և նույնիսկ հենց այդ մինուսների համար: Իրական սերը դա է, երբ սիրում ես ու չես սպասում հակադարձին: Դու բավարարված ես քո տվածից և սպասելիք չունես: Այլ հարց է , թե ինչպես կգնահատեն, կարժևորեն դա: Ցանկացած ուժեղ կին հարաբերություններում պետք է թույլ լինի: Դու չպետք է ապացուցես ինչ որ բան տղամարդուն: Դու կին ես ու դրանով ամեն բան ասված է:

-Իսկ կա որևէ մեկը, ով ձեզ ոգեշնչում է որպես ուժեղ կին:

-Այո, մայրս: Մշտապես: Չեմ կարող բացել փակագծերը, թե ինչու, բայց իմ հանդիպած ամենաուժեղ, կամքի հզոր ուժով ու չափազանդ հանդուրժող տեսակ:

-Բարեգործություն, ի՞նչ նշանակություն ունի այն Ձեր կյանքում:

-Իմ ողջ գիտակցական կյանքիս ամենալուսավոր պահերը: Ես պարզապես չեմ կարող առանց դրա: Եվ դեռ ավելի լուսավոր պահեր էլ կլինեն: Ես վստահ եմ:

-Մեզ մեծ թվով մարդիկ, երիտասարդ աղջիկներ են կարդում: Ինչ խորհուրդ կտաք նրանց, ովքեր նոր են փորձում իրենց ինքնուրույն քայլերը կատարել:

-Պետք է հավատալ ինքդ քեզ, վստահ լինել, որ կյանքը, որը տրված է քեզ ժամանակավորապես ապրելու համար պետք է օգտագործես ի շահ քեզ: Ոչ ոք քո փոխարեն դա չի անելու:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *