Վախկոտները

Կան մարդիկ, ովքեր ապրում են, հասնում հաջողությունների, առաջ գնում կարիերայի աստիճանով, ձեռք բերում լավ շրջապատ ու միջավայր, շատերի կարծիքով՝ վայելում են կյանքը՝ ճոխություններ, ճամփորդություններ, հարգանք ու պատիվ:

Թվում է:

Ամեն գիշեր, երբ գլուխները բարձին են դնում, միակ բանը, որ անում են,   վախենալն է:

Երբ օրվա մեջ մի քանի վայրկյան են գտնում մտածելու, բոլոր մտքերը, պլանները, երազանքները, եղածի վերլուծությունները, վախի պրիզմայով են:

Իրականում նրանք վախենում են՝ ապրելու փոխարեն:

Ինչի՞ց: Ամեն ինչից: Ումի՞ց: Բոլորից:

Նրանք կառավարելի են ու ստոր: Նրանք կարդացել են աշխարհի բոլոր գրքերը, ոչ թե  իրենց, այլ իրենց շեֆերի համար, նրանք դիտել են բոլոր ֆիլմերը, հագնում են աշխարհի անգույն հագուստները, սիրում են աննշմարներին, ժպտում են ուժեղներին:

Նրանց համար ուժեղ են բոլորը:

Բայց նրանք հասնում են իրենց պատկերացումների վայելքներին: Միայն թե այդպես էլ չեն վայելում ոչինչ: Վախը չի թողնում:

Ժամանակն ու բոլորը վերցրել են նրանց միտքն ու մտածելու կարողությունը, փոխարենը տվել են հարմարվելու և քծնելու գերադրական աստիճանը:

Իսկ վախն այս բացի հոգեբանականից, այլ հիմքեր էլ ունի, չէ՞ որ նրանք ամենափորձված մախինատորներն են:

Նրանք փոփոխական են՝ չափազանց մեծ արագությամբ: Նրանք հիանալի զգում են իրավիճակային փոփոխությունները: Ընկածին ամենաուժեք քացի տվողն ու հայհոյողն իրենք են, ոչինչ, որ ընկածն իրենց երբեմնի աստվածն էր: Վախը մի շրջապտույտի մեջ է նրանց ներքաշել, որից դուրս գալն անհնար է:

Նրանք չունեն ընկերներ ու հարազատներ՝ դասական պատկերացմամբ:

Միակ վայրը, ուր սեփական վախը վեր է ածվում  հերոսության, սիրելիների միջավայրն է: Որպես կանոն, մենք հակված ենք աջակցել սիրելիներին թուլության պահին: Ու նկատելով դիմացինի բարդույթները, բնազդաբա՛ր ենք զորավիգ լինում:

ՈՒ այստեղ է, որ վախը տրանսֆորմացվում է իշխանության, ագրեսիայի, դաժանության, հարազատներին ճնշելու, սիրելիներին նվաստացնելու ու նսեմացնելու: Նրանք կհանդուրժեն, քանի դեռ սիրում են:

Իսկ առավոտյան՝ նորից: Վախ: