Անկեղծ սերը՝ չգրված օրենք

Առիթով կամ առանց առիթի մենք մաքսիմալ ճոխ տեքստեր ենք ձոնում մեր քաղաքին:  Մեզնից շատերն, իրոք, սիրում են մեր քաղաքը, պարզապես շնչահեղձ են լինում այլ քաղաքում: Հենց նրանք են, որ չե խորշում հանգիստ ու անկաշկանդ լինել քաղաքում, հագնվել առանց ցուցադրվելու, ժպտալ փողոցում միանգամայն անկեղծ, փողոցը կանաչ լույսի ժամանակ հատել, Երևանին Էրևան ասել… հենց նրանք են, որ այդպես էլ չեն պատկերացնում, թե այդ ե՞րբ Մռավյանը դարձավ Ալեք- Մանուկյան, այդ ինչու՞ գյոզալ Ալավերդյանը Հանրապետական, իսկ թե ինչու՞ է գործկոմի շենքը թաղապետարա՞ն, դրան թերևս չեն էլ վարժվի: Հենց այս մարդիկ են, որ պահում են քաղաքի աուրան, ու նրանց ներկայությունն է, վարդագույն է դարձնում 2800-ամյա  բնակավայրը:

Դե իհարկե մեր մեջ կան մարդիկ, ում սերը քաղաքի նկատմամբ մի տեսակ սադոմազոխիստական է: Հենց նրանք են, որ խորապես վստահ են իրենց բարձրաճաշակության վրա ու ամեն ինչ անում են դրա շրջանակներում՝ առաջ տված պատշգամբներ, բակի կենտրոնում փակած ճանապարհով կառուցված ավտոտնակներ, շենքերի առաջին հարկերում ճարտարապետությունը հիանալի կերպով խախտած հազարերանգ խանութներ… Հենց նրանք են, որ խրոխտ կերպով վարում են կարմիր լույսի տակով (վերջերս դա ինչ-որ հնարավոր է), իրենց կոտորելով քայլում չափազանց բարձր կրունկների վրա, աղբ թափում բոլոր հնարավոր չնախատեսված տեղերում, պատշգամբներից դուրս հանում տան եղած-չեղածը, գիշերային խրախճանքներ ու հրավառություն կազմակերպում թքած ունենալով բոլորի վրա:

Ու մենք բոլորս՝ հին ու նորաթուխ երևանաբնակներս ապրում ենք համատարած աղբի, անճաշակության, աղքատության չկարգավորված երթևեկության, քաոսային սպասարկման միջավայրում:

Մենք մի տեսակ համակերպվում ենք այս ամենի հետ, այն աստիճան, որ թվում է, 2800 տարի առաջ հիմնված, աշխարհի ամենահին քաղաքներից մեկի համար այնքան բնական է այս ամենը:

Այնինչ, լինել համարյա 3 հազարամյա պատմության կրողը նշանակում է լինել գոնե մաքուր, կանոնակարգված՝ տրանսպորտի, երթևեկության, համակեցության կանոնների, անվտանգության չափանիշների, սպասարկման որոշակի աստիճանի առումով: Սա նշանակում է գոնե պահպանել 3 հազարամյակի էվոլյուցիայի ներազդեցությունը: Հասկանալի է, որ բոլոր տեսակի պատմական ու աշխարհաքաղաքական ներազդեցությունները դադարեցրել են զարգացումը, բայց դե հիմա  գոնե համեմատաբար կայուն իրավիճակում կարող ենք ներդնել քաղաքակրթության այն  բոլոր բարիքները, որոնց մասին ակնածանքով ենք խոսում այլ երկրների օրինակը տեսնելով… Իսկ ավելի կարևորը այն ամենով, ինչն ունենք, ուրախանալն է: Իրապես գնահատելը, որ քաղաքի սրտում Հյուսիսային պողոտան կա, ուր մենք հպարտությամբ տանում ենք քաղաքի բոլոր բարձրաստիճան հյուրերին, որ բացվում են հիանալի հյուրանոցներ, որ մարդիկ ուրախ են ու կարողանում են իրենց ուրախությունը փոքրիկ տոներով արտահայտել:

Այսքան հին քաղաքը յուրաքանչյուրիս հարստությունն է, մեր ուժն ու հիմքը: Մենք կարող ենք լինել ավելի լավը, ավելի քաղաքակիրթը, ավելի բարին, ավելի հանդուրժողը…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով