Քո նշաձողը

Քո նշաձողը քո սրբությունն է: Այն քո ուղեծիրն է, սկզբունքներդ, արժեհամակարգդ, կյանքդ…

Բայց այն գոյություն ունի: Այն յուրաքանչյուրիս մեջ է: Այն մերն է, այնքան հարազատ ու այնքան յուրահատուկ: Մենք այն ակամա ենք ձևավորում՝ մեր սաղմնավորումից իսկ սկսած: Այն հասակ է առնում, միլիմետր առ միլիմետր բարձրանում, կայունանում, թրծվում, կատարելագործվում…

Բոլոր այն մարդիկ, ովքեր երբևէ գիտակցում են իրենց ունեցած նշաձողի առկայությունը, շատ լավ գիտակցում են իրենց առավելությունները: Չէ որ այդ չափանիշներն են ձևավորում բոլոր հաջողությունները, մարդկանց հետ հարաբերությունները, ձեռքբերումները, հնարավորությունները, կենսակերպն ու շրջապատը:

Որպես կանոն սեփական նշաձողը որպես առանձնահատկություն ընկալող մարդիկ չեն ունենում ինքնասիրահարվածության նշույլներ: Որքան էլ կողքից դա այդպես չի թվում: Նրանք պարզապես ապրում են իրենց աշխարհում: Այս աշխարհում ամեն ինչ պարզ է, հանգիստ: Սեփական նշաձողը սահմանելն ու գիտակցելը չի նշանակում լինել լավ կամ վատ մարդ, ունենալ դրական կամ բացասական արժանիքներ: Սա ավելի շատ պատասխանատվություն ու պահանջկոտություն է սեփական նախասիրությունների, քայլերի, ընտրության նկատմամբ: Սա շատերին է դարձնում առավել նպատակային, կոփված սկզբունքներով ու պարզ գիտակցությամբ:

Կյանքը, հանգամանքները, մարդիկ ու երևույթները հաճախ են ստիպում մեզ հարմարվել, փոխել ու անգիտակցաբար վերանայել դրանք: Տարիների ու իրադարձությունների հեռվից շատերին է անցանկալի սկզբունքայնության վերանայումը, որքան էլ այն անհրաժեշտություն լինի:

Երբեմն մեր կյանք մարդիկ են գալիս, որ մխրճվում են մեր ճակատագրի մեջ: Գուցե դա սեր է, գուցե կապվածություն ու գայթակղություն…  երջանիկ ու սիրված լինելու հեռանկար… Գուցե այնքան բնական է, որ արյանդ մեջ վխտացող էնդորֆինները հեռու անկյունում են ծալում-փաթաթում գիտակցությունդ, որն էլ հավասարության նշան է դնում գեղշ ու սիրունի, հաջողակ-անհաջողակի, հոգով ստրուկի ու արքայի միջև: Այն դեպքում, երբ նշաձողդ ստիպել էր տարիներով երազել լավագույնի մասին, հանկարծ ընտրում ես վատագույնը…՝ գիտակցաբար, հասկանալով ու սիրով: Բնական է, ամենուր և բոլոր պարագաներում մենք ընտրում ենք երջանիկ լինելու հույսը: Որքան էլ այն նվազ լինի: Ընդամենը մի որոշումով հետ են հրվում լավագույնի մասին մտքերը, և հաղթում է այն, ինչը թվում է ճակատագիր: Մինչդեռ, բոլորն էլ մի օր ընտրության առաջ են կանգնում: Իսկ գուցե նրանք, որոնց ընտրել ես, գիտակցում են քո նշաձողը ու այն պարզ ճշմարտությունը, որ իրենք չեն ձգելու: Երբեմն պարզապես գիտակցությունը ավելի ուշ է տեղ հասնում, քան իրադարձությունների զարգացումն է:

Ամեն մարդ պետք է ընտրի իր արժեհամակարգին համահավասարներին:

Եթե արդեն իսկ սահմանել ես սկզբունքներդ, երբեք մի փոխարինիր դրանք: Այն մարդիկ, ում համար դու փոփոխում ես այն գաղափարախոսությունը, որով ապրել ես, երբեք չեն գիտակցում, թե որքան ծանր է դեմ գնալ սեփական սկզբունքին: Եթե քեզ համար սկզբունքներին դավաճանելը զուտ մարդասիրություն էր՝ բոլորս էլ հավասար ենք, ով է որոշում գեշն ու սիրունը, բարձրահասկն ու ցածրահասակը, քաղաքացին ու գյուղացին, ստրուկն ու արքան, ապա այն մարդու համար, հանուն որի զիջումների ես գնացել, ընդամենը մեկ չգիտակցված քայլ է քեզ թողնելը:  Լքվածություն, խաբվածություն, անկատար հույսեր, սուտ խոստումներ… պարզապես իրականություն, որի դեմ պայքարն անիմաստ է: Հիասթափությունն ու տանջանքը ևս անցողիկ են, բայց հաստատ թողնում են իրենց խորը սպին: Գուցե մի օր այդ սպին էլ դադարում է հիշեցնել այն, ինչ եղել է: Մնում է միայն հստակ համոզմունքը՝ այն նշաձողը, որը սահմանել ես արյանդ ամեն մի բջջով չի կարելի իջեցնել: Որովհետև բոլոր այն մարդիկ, ովքեր համապատասխանում են դրան, պարզապես չեն կարող ցավեցնել:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով