Ինչու՞ չես ամուսնանում. նրբանկատության ու իրականության սահմանագծին

Ինչու չես ամուսնանում

Հարց, որ տալիս են բոլոր հայ աղջիկներին առավելագույնը 23 տարեկանից հետո:

Հատկանշական է, որ հարցը կարելի է լսել ինչպես զառամյալ տատիկ-պապիկներից, հետկլիմակտերիկ կին-տղամարդկանցից, այնպես էլ հենց երիտասարդներից:

Ամեն մարդ ունի հարցը տալու իր շարժառիթը՝ կարեկցանք, չարակամություն, հետաքրքրասիրություն, չարախնդություն:

Երբ 30-անց ես, այս հարցադրումը բազմապատկում է ենթատեքստերը:

Ամեն անգամ հարցը լսելիս հարցատուի պլպստացող աչքերի մեջ 1000 ու մի փայլ ես նշմարում.

Ահա, բռնացրեց, չես ամուսնանում, որովհետև սիրեկան ունես: Պարտադիր կարծրատիպային՝ 50-ի մոտ տղամարդ, պաշտոնյա, բիզնեսմեն, որի բիզնեսները նայում ես, կամ այնտեղ ես աշխատում: Եթե աշխատավարձդ բարձր է, կամ  ինչ-որ հաջողություններ ունես, հաստատ սիրեկանն է հովանավորում: Եթե նվազագույն աշխատավարձով ես ստիպված բավարարվել՝ լավագույնի փնտրտուքով ու սպասումով, ուրեմն՝ ինչիդ է պետք շատ փող աշխատել, սիրեկանդ պահում է…

Մեկ ուրիշն էլ՝ հարցը տալիս հիանալի ձևով մտքում զուգահեռում է՝ չես ամուսնացել, որովհետև ուզող չունես, գեշ ես: Այ, եթե մի քիչ նիհարեիր,  մի քիչ ոճային հագնվեիր (կարևորը՝ իրենց ոճայինը), հո կամուսնանայիր:

Խելքդ ու միտքդ տվել ես գործին՝ պաշտոն, բիզնես, թուղթ, բանակցություն…

Ես գիտեի, որ չես ամուսնանա՝ էդ ավտոն որ դու ես քշում…

Նկարներդ ինստագրամում տեսանք…

Աղջիկ ջան, կյանքը անցնումա, դու ուրիշի ամուսինների հետևից մի վազի…

Սաղ օրը իրա նմանների հետ կաֆեներումա…

Ասում են լեզբիանուհի ա…

Քիթը ցցած ման ա գալիս, ոչ մեկին չի նկատում…

Դե լավ, մեկին ընտրի, բոլորը նույն հաշիվնա…

Մեկի հետ հանդիպի էլի, գոնե երեխա կունենաս…

Դու լսում ես քո վարքի, վարվեցողության, դաստիարակության, նախասիրությունների, ակնկալիքների, երջանկության մասին պատկերացումների՝ ավելի ճիշտ՝ չպատկերացումների մասին միֆերն ու ժամանակի ընթացքում պարփակվում քո մեջ, հեռանում բոլոր այն մարդկանցից, որոնք երբեմն հավակնում էին թանկ լինել:

Դեպքերը տարբեր են:

Յուրաքանչյուր կին (անկախ ֆիզիոլոգիական վիճակից) ծնվում է ընտանիքի տիկին լինելու կոդով: Իսկ կյանքի վերարտադրողականությունը ավելին է, քան պարզապես հիմնական բնազդ: Ու յուրաքանչյուր կնոջ համար ողբերգության մոտ մի վիճակ է միայնությունը: Իսկ այդ հարցադրումը հավասարազոր է արնահոսող վերքի վրա աղ ցանելուն: Ու սա չափազանցություն չէ: Յուրաքանչյուր մարդ ինքն է ընտրում այն իրականությունը, որի մեջ պետք է ապրի:

Իհարկե, առաջադրվող միևնույն հարցի յուրաքանչյոյր ենթատեքստի համար կա իր պատասխանը, որը հիմնված է երջանկության սեփական պատկերացումների վրա:

Այո՛, ես չեմ ուզում ապրել մի տղամարդու հետ, որից զզվելու եմ: Իսկ տարիներ անց՝ հարմարվելու: Սերը տարիքի հետ է գալիս…գուցե՝ ձեր դեպքում:

Այո՛, ես չեմ ուզում ապրել այն տղամարդու հետ, որն ակնհայտորեն քիչ է վաստակում, իսկ ամենակարևորը՝ բավարարվում է դրանով: Եվ ես չեմ ուզում կարիքի մեջ մեծացնել երեխաներիս, որովհետև երջանկությունը և իրար ունենալու գերագույն նպատակը կարո՛ղ են խաթարել հիվանդությունները, դժբախտությունները, անհաջողությունները, որոնք փողով լուծելի են: Ով չի նպաստելու իմ զարգացմանն ու աճին, ոչ միայն նրա համար, որ չի գիտակցելու դրա անհրաժեշտությունն ու բնականությունը, այլ նաև վախենալու է իմ հաջողակությունից…

Այո՛, ես չեմ ուզում ունենալ ամուսին, որին կարող եմ շրջանցել, թեկուզ մտքումս: Չեմ ուզում նրա կողքից քայլելով զգալ դիմացի տղամարդու հայացքը, իսկ երբեմն՝ ինձ բռնացնել ուրիշով հիանալուց:

Հաստատ, չեմ ուզում ապրել այն մարդու հետ, ում չեմ հավատում, չեմ վստահում, չեմ կիսում մտքերը: Ես հաստատ գիտեմ, որ իմ ընտանիքում չի կարող լինել բռնություն, իմ երեխան չի կարող մեծանալ անհանդուրժողականության ու անհամաձայնության միջավայրում:

Իսկ միգուցե ես իմ հաջողությունների մեջ իմ միայնությունն եմ թաքցնում:

Միգուցե պայքարում եմ, չեմ քնում օրվա մեջ 24 ժամ՝ գումար վաստակելու համար: Իսկ մեքենաս, բնակարանս, հագուստս վաստակում եմ հենց այդպես: Գիտե՞ք՝ որքան դժվար է դա՝ գոյատևել՝ գայլերին հաղթելով…Իհարկե, չափազանց հեշտ է կողքի դնել սեփական սկզբունքները, որևէ կերպ (…որևէ տարբեր կերպ) ամուսնանալ՝ առանց որևէ բան հաշվի առնելով: Համակերպվել այն իրականության հետ, որը բերելու է նորաստեղծ ընտանիքը, կախել գլուխը, բավարարել ամուսնուն, երեխաներ ունենալ, ճաշ եփել, աշխատել մանկապարտեզում: Ունենալ ամեն օրվա պայքարը՝ որևէ շրջանակում…

Այո՛, ես չեմ ուզում պատկերացնել, որ հնարավոր է պարզապես երեխա ունենալ, պարզապես մեծացնել նրան՝ կիսատպռատ, հոգեբանորեն ընկճված, չբավարարված մոր գզգզված կերպարով: Պարզապես չեմ ուզում ամուսնալուծվել:

Այո՛, դժվար է միայնակ կրել բոլոր մարտահրավերները: Երեկոյան տուն վերադառնալ ու զգալ, որ անկախ ամեն ինչից, չկա քո միկրոմիջավայրը՝ չկա, պարզապես գոյություն չունի այն մարդն, ում հետ պատրաստ ես պատասխանատվություն ստանձնել քո միկրոտիեզերքի համար… Դժվար է ապացուցել, որ որևէ սիրեկան էլ չկա քո հաջողությունների թիկունքում, նաև՝ դու նորմալ սեռական կողմնորոշում ունես:

Ու ընդհանրապես, ինչ գիտեն մարդիկ այն ամենի մասին, ինչ կատարվում է հոգումդ: Այո՛, ի՞նչ գիտեք իմ այն մերժումների մասին, որոնք քառատել են հավատս, ամրացրել միայնությունս: Ի՞նչ գիտեք այն չկայացած սիրո ու նվիրումի, հավատի ու հույսի մասին, որն այդպես էլ չի դարձել ընտանիք

Այո՛,  ես ունեմ աշխարհի ամենատգեղ քիթը, ամենամեծ հետույքը, ամենածուռ ոտքերը, որը վանում է բոլոր տղամարդկանց…

Երջանիկ եղեք ձեր ամուսնությամբ: Իսկ ես կփնտրեմ իմ ներդաշնակությունը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով