Ֆավազ Գրոուզիի հաջողության պատմությունը՝ de GRISOGONO

Այսօր ամբողջ աշխարհի ոսկերչական ու թանկարժեք իրերի շուկայում հստակ ուրվագծվում են առաջնորդները: Դրանք հարուստ ու հիմնավոր պատմություն ունեցող բրենդեր են, որոնք ապացուցել են իրենց մնայուն արժեքը տարիների փորձով, որակով ու բացառիկությամբ: Շատերն անգամ հարյուրամյակի պատմություն ունեն: Երիտասարդ ընկերություններին դժվար է դրանց հետ ոչ միայն մրցակցելը, այլև մոտենալը կայացածների ցուցանիշներին:

Աշխարհի հարուստների ուշադրությունը գրավելը հեշտ չէ: Քչերին է հաջողվում ներխուժել թանկարժեք ինդուստրիա ու դառնալ մշտական բնակիչ:

de GRISOGONO-ն մեկն է այն քիչ կազմակերպություններից, որն արդեն նկատելի է այս ոլորտում: Դրա հիմնադիր իտալացի ոսկերիչ Ֆավազ Գրոուզին ծնվել է 1952-ին, նա նպատակասլաց է, չի վախենում նորարարություններից ու փորձություններից:

Նա մեծագույն կիրք ու նվիրվածություն է ներդնում բոլոր ձեռնարկումներում: Մանկական հասակում Ֆլորենցիայի միջնակարգ դպրոցը թողնելով՝ Ֆավազը աշակերտություն է անում տեղի ոսկերիչներից մեկի մոտ: 7 տարի սովորելուց հետո գնում է Լոնդոն՝ աշխատելու իր վարպետի խանութում: Հետայգայում ոսկերիչը նշում է, որ վաճառող-խորհրդատուի աշխատանքն իրեն մի շարք նրբություններ սովորեցրեց, որոնք ինքը հետագայում կիրառում է:  Այս ընթացքում նրան նկատեցին Harry Winston բրենդի ներկայացուցիչները՝ անելով այնպիսի առաջարկ, որից դժվար էր 30-ամյա խարիզմատիկ երիտասարդին հրաժարվելը: Harry Winston բրենդի Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչն այդպիսով Ֆավազ Գրոուզին էր: 3 տարի Արևելքում անցկացնելուց հետո նրա կարիերան շարունակվեց մեկ այլ Bulgary հայտնի բրենդում: Նա առաջինն էր տեսնում բրենդի նորարարությունները, հավաքածուները, քանի որ աշխատում էր վաճառքի բաժնում: Իսկ ընկերությունից Ջենի Բուլգարիի հեռանալուց հետո սկսեց սեփական գործի հիմնադրումը: Նախնական կապիտալն ընդամենը 16.000 ֆունտ էր՝ թանկարժեք բիզնես սկսելու համար բավական ծիծաղելի սկիզբ:

  

Եվ ահա 1993-ին հիմնվեց de GRISOGONO-ն, որի առաջին բուտիկը Ժնևում էր: Ընկերության անվանումը գործընկերներից մեկի օրիորդական ազգանունն է, որի արմատները տանում են դեպի արիստոկրատ անցյալ: 1995-ին նա արդեն միանձնյա էր տնօրինում ընկերությունը: Այսպիսով նա ազատություն տվեց մտահղացումներին, երևակայությանն ու նախաձեռնություններին: Այստեղ դրսևորվեց Գրուիզիի ոչ միայն ոսկերչի, այլր կառավարչի ու բիզնեսմենի տաղանդը: Շատ կարճ ժամանակ պահանջվեց, որպեսզի բրենդը ճանաչելի ձեռագիր ձեռք բերի: Առանձնահատուկ են սև ադամանդները, որոնք տարիներ առաջ աչքի չէին ընկնում պահանջարկով, այնուամենայնիվ Ֆավազը  ռիսկի դիմեց՝ գնելով այս հանքանյութի մեծագույն քանակություն:  Այս փորձությունն էլ de GRISOGONO բրենդի այցեքարտերից մեկը դարձավ: Սա նաև փորձություն էր թանկարժեք քարերի ընկալման ու վաճառքների ցուցանիշներում՝ de GRISOGONO-ի սև ադամանդները 20 անգամ բարձրացրեցին սև ադամանդի գինն ամբողջ աշխարհում: Կարճ ժամանակ անց բացվեց Լոնդոնի բուտիկը:

2000 թվականին սկսվեց նաև ժամացույցների արտադրությունը՝ Instrumento No Uno թանկարժեք գիծը: Նույն տարվա ընթացքում շրջանառության մեջ մտան նաև ճերմակ ադամանդները՝ ստանալով Icy անվանումը: Black Forever, Melody of Colours հավաքածուները հաջորդեցին մեկը մյուսին՝ խոշոր հայտ ներկայացնելով այս ոլորտում:

Այսպիսով, գործունեության 30-ից պակաս տարիների ընթացքում բրենդը ճանաչման է հասել նորաձևության աշխարհում: Այն կրում են հոլիվուդյան հայտնիները, բիզնես ու քաղաքական էլիտայի ներկայացուցիչները: de GRISOGONO-ի պատմությունը Ֆավազ Գրոուզիի կյանքի պատմությունն է, սա ասք է այն մասին, որ մարդկանց երազանքները կոչված են իրականանալու, պարզապես դրանց հավատալ է պետք: Այն, ինչը խաթարում է կատարելության ճանապարհը, մարդկային թուլությունների համալիրն է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով