Այո, կամ՝ ոչ

Նա կլինի քեզ հետ, եթե ուզում է լինել: Սա չափազանց դժվար ընդունելի ու ընկալելի հայտարարություն է: Սակայն իրականությունն առավել  հեշտ է հաղթահարելը, քան շարունակել ինքնախաբեության մեջ ապրելը: Ի վերջո՝ անկայուն ու ոչինչ չասող հարաբերությունները մի ինչ-որ օր դադարում են լինել: Ու այդ մասին Դու հաստատ գիտեիր:

Կարիք չկա կրկնել, որ ձեր հարաբերությունները կամրանային, կզարգանային, եթե նա կայացներ ճիշտ որոշում:

Թե ինչու նա չարեց այդ քայլը, հազարավոր սցենարներ կարելի է հորինել, անգամ ապացուցել՝ նա հիմարի մեկն է, էգոիստ, մտածում է միայն իր մասին, նա օգտագործում էր քեզ, ուրիշին ուզում էր խանդի տեսարաններ սարքել, նա այդպես էլ համարձակություն չունեցավ քեզ կոնկրետ առաջարկ անելու…

Իհարկե ավելի դժվար է, երբ նա լավ տղա է, բայց դու պետք է կյանքիցդ բաց թողնես նրան: Երբ նա քեզ ասում է, որ դու չափազանց լավն ես, բայց ինքը նույնը չի զգում քո հանդեպ, ինչ դու: Առավել ևս, երբ նա ասում է, որ չափազանց շատ հավանում է, քեզ, բայց զգում է, որ իր ճակատագիրը դու չես: Երբեմն էլ ասում է, որ պարզապես ուզում է ազնվորեն ասել, որ քեզ չի սիրում:

Եթե նա ուզեր կյանքը կապել քեզ հետ, հավատա, նա դա կաներ:

Ու բոլորովին կապ չունի, նա լավ տղա է, թե հիմարի մեկը: Կապ չունի, թե ինչպիսին է իրավիճակը, ինչքան լավ եք դուք միմյանց հասկանում, որքան ուրախ եք կատակում, միասին ֆիլմեր դիտում, սուրճ խմում ու համբուրվում: Սա է ճշմարտությունը: Ու այս ճշմարտության փաստն է քո փրկությունը: Դու կհաշտվես այս իրողության հետ՝ մի քանի շաբաթից, գուցե ամիսներ կտևի քո՝ անորոշության ու անկայունության դեմ պայքարը:

Գուցե դուք ամուսնանայի՞ք, եթե նա ուզեր… դուք կամուսնանայի՛ք, եթե նա ուզեր…

Կարելի է փափկեցնել հարվածը՝ միգուցե ժամանակ է պետք, ավելի շատ ազատություն, գուցե նա վախենում է պատասխանատվությունից, պետք չէ ճնշել  նրան, պարզապես պետք է ազատություն տալ ու աստիճանաբար վերանվաճել նրան…

Մտածենք հակառակ ուղղությամբ՝ դու ինքդ ուզում ես լինել նրա կողքին, անգամ, երբ նա ակնհայտ կասկածներ ունի, անգամ, երբ ինքն ամեն պահի կոտրում է քո սիրտը, միևնույն է, դու ունես քո որոշումը:  Սա անգամ որոշում չէ, այլ բնական վիճակ քեզ համար:

Իսկ ինքը նման որոշում չունի: Նա չունի նույնքան համոզվածություն, որքան դու, ու դու անզոր ես վերափոխել այն: Այնպես, ինչպես դժվար է փոխել քո ցանկությունը: Սա է իրականությունը: Այսպիսին է կյանքը: Պետք է ընդունել իրականությունն այնպես, ինչպես կա:

Այս իրականությունը դու կմարսես օրեր, շաբաթներ, լավ, թեկուզ ամիսներ շարունակ: Ու միանգամայն նորմալ կլինի տառապանքդ, չէ՞ որ դու ունեիր երջանիկ լինելու քո ցանկությունը: Դու գտել էիր այն հիմարին, որի հետ որոշել էիր և ուզում էիր անցկացնել կյանքդ: Իսկ նա պարզապես չուներ նույն որոշումը:  Ավելի լավ է մեկ անգամ կոտրես սիրտդ իրականությամբ, քան ամեն օր փշրես այն, մատուցես այն մարդուն, ով այդպես էլ չի հասկանում, որ քեզ պետք է ընտրի: Մնում է մի ճանապարհ՝ բարձրացրու ինքնագնահատականդ: Սիրի՛ր քեզ: Շա՛տ սիրիր:  Միայն այսպես կհասցնես միտքդ ու հոգիդ այն վիճակին, երբ հնարավոր կլինի բարձր կանգնել տառապանքից: Սա ևս բնական է: Չէ՞ որ նա, ում ընտրել ես ինքդ, չունի նման որոշում…

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *